ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց այսօր արցախա-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակը։
«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով։ Օրվա ընթացքում հռթիռակոծվել են տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ տարբեր բնակավայրերով և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով։ Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան»,- նշեց Հովհաննիսյանը։
Օրվա ընթացքում հատկապես թեժ է եղել Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն- ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի և դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները։
«Մասնավորապես, գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրն իր հարակից անտառներով, որոշ բնակավայրերի հարակից անտառներում դեռ այդ աշխատանքները շարունակվում են»,- նշեց Հովհաննիսյանը։
Նույն ժամանակ թշնամական ուժերը հարավային ուղղությամբ փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, մի քանի հարձակման փորձեր տապալվել են, որից հետո զգալի կորուստներ կրելով հետ են շպրտվել։ Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի՝ պատսպարվելով ձորակներում և անտառներում։
«Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հաքարի գետով հյուսիս, հետ է մղվել շատ ավելի հարավ՝ մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ։ Ընդհանուր առմամբ լարվածությունը պահպանվում է։ Հիմնականում ընթանում են օջախային մարտեր։ Հստակ բնագծեր այս պահին չկան այս ուղղությամբ։ Տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք չեզոքացվում են մեր զինված ուժերի կողմից։ Սա է իրական դրությունը։
Մեր հաջողությունները հաստատուն են։ Պատերազմը լարված է, ծանր է, շատ հաճախ լինում են իրավիճակներ, որոնք ոմանց ընկալմամբ տեղային փոքր տեղեկությունների հիման վրա թվում են անելանելի, սակայն այդպես չէ։ Մեր զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին և հակառակորդին տարբեր ուղղություններով, տարբեր հատվածներում հասցնում են կործանարար հարվածներ, չնայած որոշ ուղղություններում հակառակորդն ունի առաջխաղացումներ»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մարտերը գիշեր թե ցերեկ շարունակվում են։