Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի խոսքով՝ այս տարի տարեդարձի կապակցությամբ ստացել է լավագույն նվերը: ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը «Հայկական ջարդեր» խորագիրն անվանափոխել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթով, ինչի մասին Ինսթագրամի իր էջում գրառում է կատարել Քիմ Քարդաշյանը:
«Տարեդարձիս լավագույն նվերը: Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանը հայտարարեց, որ արդեն կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Այս նշանակալից լուրը հայտարարվեց Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց մեկ տարի անց՝ Արցախի հայերի դեմ իրականացված կործանարար հարձակումների ֆոնին»,- գրել է Քիմ Քարդաշյանը:
Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին կատարած աշխատանքի համար:
«Այս դժվար ժամանակներում բոլորս շարունակում ենք աղոթել պատերազմի հետևանքով տուժած բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Մենք մեկ համաշխարհային ազգ ենք»,- գրել է Քիմ Քարդաշյանը: