Պատերազմի հենց առաջին օրվանից «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) մոբիլիզացրեց իր ուժերը՝ աջակցելու Հայաստանին և Արցախին այս դժվարին իրավիճակում։
«Պիտի մեր գործը բազմապատիկ լավ անենք․ այդպես ենք պայքարելու ամենքս մեր տեղում,- նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։ - ՔՈԱՖ-ը հրատապության բարձր գիտակցումով է արձագանքում մարդասիրական այս ճգնաժամին»։
ՔՈԱՖ-ն ամեն օր մարդասիրական բացառիկ աջակցություն է ցուցաբերում Արցախից ինքնաբուխ ժամանած անձանց (մինչ օրս տրամադրվել է 40 արկղ սնունդ, ջուր, հագուստ, դեղորայք ու առաջին օգնության պարագաներ, ինչպես նաև հեռախոսի մարտկոցների լիցքավորիչներ, ծածկոցներ ու բարձեր)։
Ապաստարան, սնունդ, հիգիենայի և տնտեսական պարագաներ է տրամադրում Արցախից տարհանված 63 ընտանիքների։ Ընտանիքների թիվը, ցավոք, օր օրի մեծանում է։
Համագործակցելով Հայաստանի ու Արցախի առողջապահության նախարարությունների հետ՝ ՔՈԱՖ-ը բավարարում է պատերազմական իրավիճակից բխող անհրաժեշտ դեղորայքային ու բժշկական սարքավորումների կարիքները։
ՔՈԱՖ-ի գյուղական բնակչության համար ապահով վայրերում նախապատրաստել է ապաստարաններ։ Դրանցից երեքը Տավուշում արդեն իսկ հագեցած են անհրաժեշտ վառելանյութով, քնապարկերով, ծածկոցներով, կրակմարիչներով, հիգիենայի պարագաներով, դեղորայքով, ջրի պաշարներով, պահածոյացված սննդամթերքով ու մոմերով։
ՔՈԱՖ-ի շահառու համայնքների բնակչությանն ու այնտեղ ժամանակավորապես ապաստանած արցախցի ընտանիքներին անմիջական աջակցություն տրամադրելու նպատակով իրավիճակին են հարմարեցվել հիմնադրամի բազմամասնագիտական ծառայությունները (սոցիալական աշխատանք, հոգեբանական և առողջապահական ծառայություններ)։
Հայաստանի գյուղական համայնքների զարգացման ՔՈԱՖ-ի առաքելությունն ապացուցում է, որ Հայաստանը կարիք ունի մարդկանց, ովքեր մնում են ու ներդրում ունենում համայնքի զարգացման գործում։ #ՀԱՂԹՈՒՄԵՆՔ