ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ազդարարելով լավ լուրերի մասին: Կոնգրեսականը տեղեկացրել է իրենց ջանքերի մասին, որոնցով կարող են ստիպել ԱՄՆ կառավարությանն արձանագրել Հայոց ցեղասպանության պարզ ու անհերքելի փաստը:
Ադամ Շիֆը հիշեցրել է, որ դեռևս անցյալ տարի երկկուսակցական գործընկերների հետ միասին նամակ էր հղել Կոնգրեսի գրադարանին, որով կոչ էր արել իրենց կատալոգներում Հայոց ցեղասպանությունն անվանել ոչ թե «Հայկական ջարդեր», այլ՝ օգտագործել պատմական ճշգրիտ եզրույթը՝ «Հայոց ցեղասպանությունը»:
Ամերիկացի կոնգրեսականն իր գոհունակությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Կոնգրեսի գրադարանից տեղեկացրել են «Հայոց ցեղասպանություն» եզրույթը կիրառելու մասին:
Ադամ Շիֆը հիշեցրել է, որ Կոնգրեսի գրադարանը կրթական առաջատար հաստատություն է ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում: Կոնգրեսականի հավաստմամբ՝ սա չափազանց կարևոր առաջխաղացում է տասնամյակներ շարունակվող ցեղասպանության ժխտումը հաղթահարելու գործում:
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆն այս ձեռքբերումը կարևորել է նաև հենց ղարաբաղյան իրադարձությունների ֆոնին, քանի որ ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այսօր զգում են շատ ընտանիքներ, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր էլ են վայրագություններ իրականացնում Արցախում ու Հայաստանում՝ սպանելով ու վիրավորելով տասնյակ և տեղահանելով հազարավոր քաղաքացիների:
«Ցեղասպանության ճանաչումը զուտ պատմական հիմնախնդիր չէ: Այն նաև ուղերձ է նախագահներ Ալիևին ու Էրդողանին, որ մենք չենք լռելու: Մենք կանգնած ենք Հայաստանի ու Արցախի կողքին»,- գրել է Ադամ Շիֆը: