Սահմանից` սահման. Արցախի վրա հարձակված թշնամուն բռունցք են ցույց տալիս նաև ներքինկարմիրցի երեխաները: Արքայանարնջի բերքահավաքն այս անգամ զինվորի համար է: Ճղակոտոր ծառերից միրգն արագ քաղում են, տանեն վաճառքի:
Նունե Ավագյան (Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ) - Ոգևորված, քաջ ու հպարտ զինվորի համար պատրաստ ենք անել ամեն ինչ, սա վերջը չէ, ինչով կարող ենք, կօգնենք, որ լավ լինի:
Զինվորի կողքին լինելու կարևորությունն ով կարող է ավելի լավ գիտակցել, քան սահմանին ապրողը,- թիկունքից ռազմաճակատում կռվող տղաներին ոգևորում է դպրոցի տնօրենը: Նախ տաք հագուստ, քաղցրավենիք ուղարկեցին, ապա մտածեցին բանակի համար համահայկական հիմնադրամին գումար փոխանցել:
Նարա Պապյան (Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի տնօրեն) - Շատերն են միացել, գյուղացիներն ուզում են իրենց այգիներինը քաղել, բոլորս հարազատներ ունենք: Մեկի որդին, մյուսի եղբայրը, երրորդի ամուսինը, ամեն անգամ արքայանարինջ պոկելիս մայրական օրհնանքովս եմ պարուրում այն:
Արքայանարինջը վաճառում են Բերդ քաղաքում: Մեկ արքայանարինջն արժե 100 դրամ: Այստեղ են հոկտեմբերի 17-ից, դպրոցականներն առաջին օրը 60 հազար դրամ են աշխատել: Արդեն հիմնադրամ են փոխանցել 207 հազար դրամ:
Վերջին երկու օրում էլ արդեն հավաքել են 85 հազար դրամ: Երեխաները դեռ վաճառասեղանի մոտ, Միացյալ Նահանգներից արձագանք են ստացել: Վարդան անունով անծանոթ տղան 350 դոլար է ուղարկել, իրենց գումարի հետ դա էլ կուղղեն բանակին:
Նունե Ավագյան - Երբ իմանում են` զինվորի համար է, պարտադիր առնում են:
Երեխաներն առանձին փաթեթով միրգը մի կողմ են դրել՝ Տավուշի սահմանն այս պահին պահող զինվորի համար: Զինվորի հագուստով հենց անցորդ են տեսնում, վազում են հետևից: