Ավելի քան քսան օր այս փռում թխվող հացը չի վաճառվում, առաջնագծի զինվորների համար է: Սեպտեմբերի 27-ից հետո Մեծ Մասրիկ համայնքի երկու արտադրամասերը զօրուգիշեր աշխատում են:
Կանայք աշխատում են հերթափոխով, ցանկացողները շատ են՝ տնային տնտեսուհիներից մինչև մանկավարժներ: Տիկին Իրինան խոստովանում է՝ իրենց գյուղում հարսներին չեն թողնում անգամ խանութ գնալ, մինչդեռ ավանդապահ սկեսուրներն են այսօր խնդրում՝ նրանց էլ կամավորագրել:
Այնքան սիրով և նվիրումով է ամեն ինչ արվում, որ փռերի հնաբնակները խնամքով թաքցրած իրենց գաղտնիքներն անգամ բացահայտել են: Դե, մանկավարժներն էլ կատակում են՝ պատերազմն ավարտվի՝ դպրոցում հացի փուռ են բացելու:
Հոկտեմբեր 2-ին թշնամու ԱԹՍ-ն նաև Մեծ Մասրիկ էր հասել: Զոհ ու վիրավորներ եղան: Մասրիկցիները, սակայն, վստահ են՝ հաղթանակը մերն է լինելու, զինվորներին էլ խոստանում են.
«Տա Աստված, որ շուտ վերջանա, մեր զինվորների հարսանիքների հացերը թխենք, պատրաստ ենք, զինվորնե՛ր ջան»: