Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը դիմել է մարզի բնակիչներին՝ կոչ անելով զինվորագրվել իր գլխավորությամբ ստեղծվող կամավորական ջոկատներին և մեկնել առաջնագիծ՝ անկախ քաղաքական հայացքներից, մասնագիտությունից, զբաղվածությունից: Նա նշել է, որ Հայրենիքը, հերոս տղերքը հենց այս պահին ունեն բոլորիս կարիքը:
Մարզպետն ասել է, որ կամավորական ջոկատի առաջին անդամագրվողն ինքն է, և հույս է հայտնել, որ շատերին կտեսնի այդ ջոկատներում: Դ.Գևորգյանը նշել է, որ ջոկատի կազմում ուզում է տեսնել մեր հաղթանակի հարցում կասկած չունեցող, դժվարություններից չվախեցող, ոչնչի առջև կանգ չառնող և Հայրենիքի համար զոհվելու պատրաստ քաղաքացիների: «Մենք մեկնում ենք ռազմաճակատ՝ վերադարձի հույսով, բայց պիտի գնանք՝ պատրաստ մեր կյանքը զոհելու Հայրենիքի համար»,- ընդգծել է նա: