Բանակը սահմանին տեսանելի թշնամու դեմ, սպիտակ բանակը՝ սահմանին և թիկունքում միաժամանակ անտասանելի թշնամու դեմ է պայքարում: Վերջին օրերին մեր երկրում կտրուկ ավելացել են կորոնավիրուսով վարակման դեպքերը: Այսօրվա տվյալները ռեկորդային են՝ թեստավորված 5189 քաղաքացուց 2306-ի դեպքում քովիդ-19 է հայտնաբերվել: Ստացվում է՝ թեստավորված երկու քաղաքացուց գրեթե մեկը վարակակիր է:
Գայանե Սահակյան (ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ) - Յուրաքանչյուր օր մենք ունենում ենք 200-300 նոր դեպքերի գրանցում:
Կորոնա նոր ալիքը այսպես շարունակվելու դեպքում կարող է առողջապահական աղետալի իրավիճակ ստեղծվել՝ անդառնալի հետևանքներով, եթե վարակի դեմ պայքարի առաջնագծում առողջապահական համակարգին մենակ թողենք: Ինքներս չպահպանենք, չհետևենք կորանայի դեմ պայքարի կանոններին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալի խոսքով՝ մոտ 10 օրից հնարավոր է՝ դեպքերի կրկնակի աճ ունենանք:
Ո՞րն է կորոնավիրուսի նոր ալիքի պատճառը: Մասնագետը մեկնաբանում է. պատերազմի սկզբից նկատվում է բնակչության շրջանում զգոնության թուլացում, մարդկանց կուտակումներ, դիմակ չդնել, լեփ-լեցուն հանրային տրանսպորտ: ԵՎ սա այն դեպքում, երբ մեր բժիշկներն արդեն 25 օր սահմանին վիրավորված զինվորին բուժելուն զուգահեռ պետք է նաև թիկունքում՝ խաղաղ պայմաններում, կորոնավիրուսով վարակված քաղաքացուն բուժեն:
Մասնագետը խնդրում, պահանջում է՝ բարձր գիտակցությամբ,պատասխանատու վարքագծով բոլորս միասին կարող ենք իրավիճակ փոխել: Այս պահին գերխնդիրը առողջ ճակատ, առողջ զինվոր ունենալն է: Վիրուսը սահման չի ճանաչում, ուստի ամեն ինչ պետք է անել նաև առողջ թիկունք ունենալու համար. մեկ դիմակով հնարավոր է մեկ զինվորի կյանք փրկել: