ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ վայոցձորցիներ,
Հանուն հայրենիքի կենաց-մահու այս պատերազմում դժվար, բայց կարևորագույն դրվագներով ենք անցնում՝ որպես միասնական, մեկ բռունցք դարձած ազգ ու ժողովուրդ՝ ոչ միայն ամրագրելով մեր գոյության իրավունքը, այլև կերտելով մեր զավակների կայուն ու երջանիկ ապագան:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում կոչ արեց համախմբվել, ձևավորել ինքնապաշտպանական ջոկատներ և մասնակիցը լինել Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։
Հետևելով ՀՀ գերագույն հրամանատարի կոչին՝ ինքս միանում եմ և դիմում մեր քաջարի վայոցձորցիներին, մեր մարզի բոլոր բնակիչներին՝ կամավորագրվել, համախմբվել, պայքարել՝ շարունակելով մեր պապերի և մերօրյա հերոսների՝ անմահացած առյուծասիրտ վայոցձորցիների կիսատ թողած գործը:
Մեզանից յուրաքանչյուրից են կախված Հայրենիքի պաշտպանությունը, մեր մայրերի, զավակների խաղաղ ու ապահով կյանքը, մեր օջախների պահպանությունը։
Կոչ եմ անում՝ բոլոր այն անձինք, ովքեր պատրաստ են միանալ մեզ, ներկայանան իրենց համայնքապետարաններ։
Սիրելի՛ հայրենակիցներ, գոտեպնդվենք, և բոլորս մեկ մարդու պես կանգնենք Հայրենիքի պաշտպանության դիրքերում:
Ուրեմն` միասնական պայքար` հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ....»: