Ախուրյանցի Հայկ Համբարյանը վաղ առավոտից համայնքապետարանում է: Նա այսօր առաջինն էր, որ կամավորագրվեց, գնում է առաջնագիծ՝ պաշտպանելու հողը, երեք զավակներին, կնոջն ու ծնողներին:
Որոշումը վաղուց էր կայացրել, այսօր արդեն փաստաթղթերով կամավորագրվում է։ Հենց ախուրյանցիների խումբը հավաքվի, կմեկնի առաջնագիծ։
Ընտանիքում բոլորը Հայկից հանձնարարական ունեն՝ թիկունքն ամուր պետք է լինի: Որդիները կամավոր են՝ մեքենայի անիվներ են հավաքում՝ սահման տեղափոխելու համար, մայրը և կինը ավարտին կհասցնեն աշնանային տնտեսության աշխատանքները։ Տանը խոստացել է՝ կվերադառնա հաղթանակի լուրով։
Ախուրյան խոշորացված համայնքի վարչական բոլոր կենտրոններում այսօր վաղ առավոտից է մեկնարկել կամավորների ցուցակագրումը։ Համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանին մերժել են․ տարիքը չի ներում, սրտի հիվանդություններ էլ ունի։ Ասում է՝ ազգականներից շատերն են կամավորագրվել՝ եղբոր, հորեղբոր թոռները, կուզենար նրանց հետ լինել ճակատում։ Բայց պետք է նաև թիկունքին՝ կկանոնակարգի Ախուրյանի ջոկատների աշխատանքը մինչև զինկոմիսարիատ։
Ախուրյանի բոլոր բնակավարերում պատերազմի առաջին օրից եռուզեռ է, բասենցիներն արդեն պատմություն են կերտել: Վարչական շրջանի պատասխանատուի գլխավորությամբ ավելի քան 60 բասենցի ռազմաճակատում է։ Ամեն օր ջոկատի հրամանատար Ռոման Համայակյանը համայնքի ղեկավարին հեռախոսով պատմում է առաջնագծում բասենցիների հաջողությունների մասին: Իհարկե փակագծերը շատ չի բացում, բայց խոսքից ակնհայտ է, որ շարքերն այլևս չեն նոսրանալու և գալու են հաղթանակով:
Կամավորագրումը Բասենում և խոշորացված համայնքի մյուս բնակավայրերում դեռ կշարունակվի։ Դիմում են հովիվը, դարբինը, բուժքույրն ու խոհարարը։ 60-ից բարձր և առողջական խնդիրներ ունեցողներին մերժում են։ Ջոկատը կհավաքեն, ցուցակները կհանձնեն զինկոմիսարիատ, այնտեղ կորոշեն՝ ով է գնալու ճակատ, մնացածը կգործեն թիկունքում։