Հաղթանակի սպասումով է արցախցի Գայանեն Երևանում ծնված դստերը Վիկտորյա անվանել: Նորածին աղջիկը նրա 4-րդ զավակն է, լույս աշխարհ եկավ հոկտեմբերի 18-ին՝ հումանիտար զինադադարի օրը:
Գայանե Աղաջանյան - Մտածեցինք՝ անվանենք Վիկտորյա, որ մեզ շուտ հաղթանակ բերի, մեր բանակին, բոլորին: Չէինք մտածում, որ թուրքերը կպահպանեն զինադադարը, քանի որ պատմության ընթացքում մարդկային առումով միշտ սխալ են պահել, բայց հույսը մնում էր, որ հասարակությունը կստիպի իրենց: Բայց իրենք ուժի լեզուն են հասկանում, մեր բանակն էլ ցույց է տալիս այդ ուժը:
Սա արդեն Պաշտպանության բանակի ավագ ենթասպայի խոսք է: 20 տարի է՝ ծառայում է զինված ուժերում: Հիմա ֆիզարձակուրդում է, բայց մտքով՝ առաջնագծում, որտեղ հայրենիքի համար կռվող ամուսինն է, եղբայրներն ու իր զինակիցները:
Գայանե Աղաջանյան - Հույսը հայության, մեր բանակի վրա է, մեզնով պետք է պատերազմը հաղթենք: Եթե իրենք սպասում են Արցախի կապիտուլյացիային, մենք սպասում ենք Ադրբեջանի կապիտուլյացիային:
Հղի կինը ինքն է վարել մեքենան, իր ու եղբոր ընտանիքին ապահով հասցրել Երևան: Ստեփանակերտի տան պատշգամբում մխրճված թշնամու «Սմերչն» ու հակառակորդի վայրագությունները չեն վհատեցրել, ավելի են ուժեղացրել զինվորական ուսադիրով արցախցի կնոջը: Ադրբեջանի սկսած պատերազմին պատասխանել է նոր կյանքով:
Գայանե Աղաջանյան - Մեր կանայք բոլորն էլ պատրաստ են պայքարելու, քանի որ պայքարում ենք մեր ապրելու համար, հայերի լինել-չլինելու համար:
Արցախցի երեխաներն այստեղ մեծամասնություն են: Նորածին Վիկտորյային են օրորում, նաև խոհանոցի գործն իրենց ձեռքը վերցնում: Օրվա աղցանը Սլավայի բաղադրատոմսով է:
Գայանե Աղաջանյանը վստահ է՝ հերոս են ոչ միայն սահմանին կանգնած տղաները, այլև նրանց ծնողները, և թիկունքի ամրությունն ու միասնությունն է երաշխավորելու խաղաղությունը:
Գայանե Աղաջանյան - Ամեն մեկը պատրաստ է օգտակար լինել. Շենգավիթ ԲԿ-ից սկսած, խոսքեր չունեմ, շատ շատերը, օգնում են, մեկը՝ կալյասկա, ամեն մեկը փորձում է օգտակար լինել: Միասնությունը կբերի հաղթանակի:
Անհամբեր են՝ երկինքը խաղաղվի, տուն վերադառնան: 7 հոգով այս մեքենայով են եկել: Ղեկին հղի մայրն էր, ինքն էլ անընդհատ վերև էր նայում՝ չլինի՞ անօդաչուներն իրենց թիրախավորել են:
Արման Ալավերդյան (Գայանե Աղաջանյանին որդին) - Երբ ռմբակոծությունը սկսել ա, մայրիկը բերել ա: Իմ կարծիքով, ավելի ճիշտ՝ բոլորի հայերի կարծիքով՝ մենք ուժեղ ենք: Թուրքերը շատ են, բայց անխելք են: Մենք քիչ ենք, բայց ուժեղ, հզոր:
Քույրերն Արմանի ասածը հաստատում են երգով: Ամբողջ ընթացքում չեն լռել, երգով են կրճատել Արցախ-Հայաստան ռմբակոծվող ճանապարհը: