Պատերազմը ընդամենը մի քանի օրով խանգարեց գյուղատնտեսական աշխատանքներին: Կարտոֆիլը հանվել ու տեղավորվել է, Օձունի դաշտերում մնացել են միայն եգիպտացորենի փրերն ու արևածաղիկը:
Տարին գյուղատնտեսության համար եզակի բարեհաջող էր, ո՛չ կարկուտ, ո՛չ ցրտահարություն: Ոռոգման ջրի խնդիր էլ չի եղել, չափավոր տեղումնառատ ամառ էր: Դժգոհ չեն նաև եգիպտացորենի բերքից, մի մասը դեռ կանաչ ժամանակ են իրացրել: Վերջին հավաքածի պահանջարկն էլ կա, կվաճառեն, իսկ մի մասն էլ կդարձնեն անասնակեր:
Օձունում ակնկալում են, որ աշնացան ցանքսերը կկազմեն շուրջ 500 հեկտար: Մեծ և Փոքր Այրում գյուղերի խաղողի այգիներն են: Խաղողաքաղի եռուն օրեր են, ոչ մի օր չի կարելի ուշացնել բերքահավաքը:
Այստեղ այգիների չափսերը շատ մեծ չեն՝ 1 կամ 1.5 հեկտար: Լենայի այգին փոքր է, վաղուց են քաղել: Հիմա օգնում է այն ընտանիքներին, որոնց տղամարդիկ ռազմաճակատում կամ սահմանին են:
Մեծ և Փոքր Այրումներում շատ լավ գիտեն՝ ինչ է պատերազմը: Երկու գյուղում էլ վերաբնակներ են ապրում, որ եկել են Բաքվից, Կիրովաբադից ու Սումգայիթից: Նոր ծիլեր են արձակել, քաղաքային կենցաղը վերափոխել գյուղականի:
Այգին մեծ է, 40 տոննա բերք ստանալու հնարավորություն կա, սակայն ակնկալիքը 10 տոննա է, որն այնուամենայնիվ ռեկորդային են համարում: Դա մի քանի անգամ ավելի է, քան նախորդ տարիներին: Այստեղ մթերողներ չեն գալիս, բերքը իրենք են հասցնում գործարաններ: Մի քանի տարի առաջ ստիպված էին լինում 200 կմ ճանապարհ անցնել և հանձնել Երևանի գործարաններին: Արդեն չորս տարի է, որ բերքը հանձնում են մոտիկ տեղերում:
Լոռու բոլոր գյուղերում շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները: Երեկոյան կպած են հեռուստաէկրաններին՝ լուրերի սպասումով: Ցերեկը աշխատում են դաշտերում՝ սակայն ռազմական ամփոփագրերի ամենժամյա քննարկումներով: