Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից. Արցախում պատերազմը դադարեցնելու Հայաստանի տեսակետն այսօր Բրյուսելում հնչեցրել է նախագահ Արմեն Սարգսյանը: Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, տարածաշրջանը կանգնել է հումանիտար աղետի շեմին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ահազանգել է Հայաստանի նախագահը: Ներկայացրել Ադրբեջանի ագրեսիան ու Թուրքիայի ռազմական, քաղաքական և դիվանագիտական աջակցությունը Բաքվին: «Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի»,- ասել է եվրոպացի պաշտոնյան, ավելի ուշ Թվիթերում գրել. «Կողմերը պետք է հարգեն հրադադարը և առանց նախապայմանների վերադառնան բանակցություններին: Արտաքին միջամտությունն անընդունելի է»:
Նախագահ Սարգսյանի աշխատանքային այցի հաջորդ կանգառը ՆԱՏՕ-ի գրասենյակում է: Ակնկալիքը՝ նույնը. նաև Հյուսիսատլանտյան դաշինքի միջոցով անել հնարավորը, որ Ադրբեջանը պահպանի հայտարարած հրադադարը: Խանգարողն այստեղ երրորդ մի պետություն է՝ հայտարարում է Հայաստանի նախագահը:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Այդ երրորդ երկիրը Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի անդամ է և տարածաշրջան է բերում ահաբեկիչների: Եթե ՆԱՏՕ-ի անդամը, որպիսին Թուրքիան է, դադարի հակամարտության կողմ լինելուց, այդ դեպքում, կարծում եմ, կհասնենք կրակի դադարեցմանն ու կկարողանանք նստել բանակցությունների և գտնել այս հակամարտության խաղաղ լուծումը:
Նախագահն ասել է. Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, ինչպես նաև կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելու Ռուսաստանի ներդրումը: Բայց ռազմական գործողություններն Արցախում և նրա շուրջ, ցավոք, շարունակվում են: «Հույս ունեմ մեր հաջորդ հանդիպումը խաղաղ օրերի կլինի»,- ասել է Արմեն Սարգսյանը ՆԱՏՕ-ի ղեկավարին:
Ենս Ստոլտենբերգ (Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար) - ՆԱՏՕ-ն չի հանդիսանում այս հակամարտության կողմ: Մենք խորապես մտահոգված ենք կրակի դադարեցման ռեժիմի խախտումներով, որոնք հանգեցնում են նոր զոհերի: Կարևոր է, որ կողմերը պահպանեն զսպվածություն, հետևեն կրակի դադարեցման ռեժիմին ու նստեն բանակցությունների սեղանի շուրջ:
Նախագահ Սարգսյանը Բրյուսելում կհանդիպի նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: