Թուրքիան անթաքույց շարունակում է 100 տարի առաջ սկսածը՝ վարձկան ահաբեկիչների և Ադրբեջանի օգնությամբ: Ինչպես 100 տարի առաջ են փորձել հայոց պետականությունն ու հայ ժողովրդին ոչնչացնել, հիմա էլ նույնն են փորձում: Բայց ինչպես մեկ դար առաջ չի հաջողվել, այնպես էլ այսօր չի հաջողվելու: Այս հայտարարություններով ու համոզմունքով Վրաստանի հայերն այսօր Թբիլիսիում բողոքի ակցիա են իրականացրել: Արցախի արդար պայքարին ու Արցախի իրավունքներին աջակցող բողոքի ցույցը Վրաստանի հայերը սկսել են հայաշատ թաղամասերից մեկից ու երթով շարժվել դեպի Հավլաբար: Այն, ինչ հիմա Արցախի հանդեպ է իրականացվում, պարզապես ագրեսիա չէ և միայն արցախցիների դեմ չէ՝ ասում է Թբիլիսիի հայ համայնքից Սամվել Մկրտչյանը:
Սամվել Մկրտչյան (Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչ) - Սա բաց պատերազմ է՝ ադրբեջանա-թուրքական և ահաբեկչական՝ ընդդեմ Արցախի և ամբողջ հայության, և Թիֆլիսի հայությունը նույնպես իր պարտքն է համարում էստեղ իր ձայնը բարձրացնել և աջակցել մեր արդար պայքարին, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք ամեն ինչ տեսնում ենք, ամեն ինչ հասկանում ենք, տեսնում ենք՝ ով ինչպես է իրեն պահում:
Ցույցի նախաձեռնությունը Թբիլիսիի հայ երիտասարդներինն էր, բայց մասնակիցները միայն Թբիլիսիից չէին: Ադրբեջանա-թուրքական ագրեսիվ գործողությունները դատապարտող ու աշխարհին այս մասին իրազեկող ցույցին միացել են նաև Ջավախքից ու Վրաստանի այլ շրջաններից: Իրազեկող ու դատապարտող կոչերը պարբերաբար ընդհատվել են հայրենասիրական երգերով:
Մոնիկա Քյուրքչյան (Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչ) - Սա յուրաքանչյուր հայի պայքարն է: Մենք պայքարում ու աջակցում ենք նախ և առաջ ինքներս մեզ: Sա մեր համազգային պայքարն է թուրք-ադրբեջանական բարբարոսության դեմ: Աշխարհի հայությունը՝ դարձած մի բռունցք, պայքարում է, որովհետև սա արդեն մեր լինելիության հարցն է:
Աշոտ Կարապետյան (Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչ) - Արցախի հարցը ինչպես վիրահայության, այնպես էլ ամբողջ աշխարհի հայության համար այն հարցն է, որ երկրորդ կարծիք չունի: Արցախը մերն է, Արցախը Հայաստան է, մենք ժառանգությամբ չենք ստացել Արցախը ինչ-որ մեկից: Ժառանգությամբ ստացել ենք մեր պապերից, հայրերից...
Երբ ոտքի է կանգնել մի ամբողջ ազգ, երբ ազգը բանակ է դարձել ու միավորել բոլոր ուժերը, հաղթանակից բացի այլ ելք չի կարող լինել՝ վստահ են Վրաստանի հայերը:
Ցույցի վերջին կանգառը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին էր: Մինչև մոմերը ձեռքներն առնելն ու խաղաղության աղոթք հնչեցնելը եկեղեցու բակում բոլորը սուսուփուս, հաշտ ու համերաշխ, ամեն մեկն իր հնարավորությունների չափով իր լուման է ներդնում սահմանին թիկունքից օգնություն հասցնելու համար: