Արցախի սահմանին կրակը չի դադարում: Բոլոր ուղղություններով մարտական գործողությունները շարունակվել են: Այսօր թեժ է եղել հատկապես կենտրոնական ուղղությունը, իսկ հյուսիսում թշնամին փորձել է հարձակողական գործողություններ կատարել, բայց Արցախի բանակը գործել է անվրեպ՝ խոցելով կենդանի ուժն ու զրահատեխնիկան:
Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ ՊՆ ներկայացուցիչ) - Կիրառվել է ավիացիա, հիմնականում՝ մարտավարական ինքնաթիռներ, որոնք որևէ կերպ հաջողության չեն հասել: Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր, որոնց գործողությունները ՊԲ-ն տեսանյութով հրապարակեց, փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ, մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել է փախուստի, հիմնականում՝ առանց զրահատեխնիկայի խմբեր:
Ռազմաճակատի հարավում այսօր համեմատաբար կատաղի գրոհներ չեն եղել: Օջախային մարտերում Արաքսի հունի մոտ հասած թշնամու փոքր խմբերը տեղում չեզոքացվել են: Առաջխաղացման բոլոր փորձերը Արցախի բանակը կասեցրել է:
Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ ՊՆ ներկայացուցիչ) - Օդուժ, որպես այդպիսին, շատ չի կիրառվել, չնայած առավոտյան մեր ՀՕՊ ստորաբաժանման կողմից խոցվել է մեկ ինքնաթիռ, որը պաշտոնապես հայտարարվել է: Նախորդ օրերի համեմատ՝ մարտերն այդքան էլ թեժ չեն եղել: Կիրառվում է հիմնականում հրետանի, կիրառվում է շատ քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով՝ դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ և մասամբ օդուժ:
Լուսադեմին, կրկին խախտելով հումանիտար հրադադարը, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ադրբեջանը, բացի իսրայելական ու թուրքական տեխնիկայից, ռազմաճակատում կիրառում է նաև չեխական 120 միլիմետր տրամաչափի ԴԱՆԱ ինքնագնաց հրետանի: Կեսօրին Արցախի բանակն ապացույցներով խոսեց՝ ներկայացնելով լուսանկարները: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ թշնամական հրետանին հօդս է ցնդել, և Ադրբեջանն ստիպված մարտի դաշտ է հանել ինքնագնացաց զինտեխնիկան:
Ռազմաճակատում թշնամին կորցնում է ոչ միայն իր զինանոցը, այլ նաև ահռելի զոհեր տալիս: Ահա այս կադրերում երևում է, թե ինչպես է Արցախի բանակը ոչնչացնում թշնամական մեծ ստորաբաժանում, իսկ կրակից մի կերպ փրկվածներն ինքնամոռաց փախչում են:
Վերջին տվյալով՝ հակառակորդի կորցրել է ևս երկու անօդաչու թռչող սարք, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ: Այսպիսով՝ թշնամին սեպտեմբերի 27-ից մինչև այսօր՝ պատերազմի 25 օրում, ունեցել է 6459 զոհ, կորցրել է 202 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 580 միավոր զրահատեխնիկա, 4 ՏՈՍ: