Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն նշում է, որ այդ կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում Հայաստանի պատկերացումների հետ:
«Ինտերֆաքի» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե խոսենք փոխզիջումների մասին, տարբերակներից մեկը կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը:
«Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների հետ, կարևոր է, որ կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը»,- ասել է Հայաստանի վարչապետը: