«Հայաստան» համահայկական հիմնադրամը երեկ երեկոյան ազդարարեց 50 PLUS համահայկական նախաձեռնության մեկնարկը, որն արդեն ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի հայ համայնքներում բավական թափ է առել՝ ներգրավելով հազարավոր մարդկանց:
Սա մի նոր շրջափուլ է Հայրենիք-Սփյուռք արդեն բյուրեղացած կապերի։ Նախաձեռնության տրամաբանությունն է հիմնադրամի նվիրատուներին քաջալերել ընտրելու ամսական պարբերականությամբ աջակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին։ Դրա համար անհրաժեշտ է հիմնադրամի կամ նրա տեղական մարմինների կայքէջերում իրենց առցանց վճարումները դարձնել ամենամսյա և փոխանցել 50 ԱՄՆ դոլար, եվրո կամ այլ արժույթով համարժեք գումար:
Եթե նախաձեռնությանը միանա 1 միլիոն հայ, ապա ամսական կհանգանակվի 50 մլն, իսկ տարեկան՝ արդեն 600 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Նման գումարների ներգրավման կանխատեսելիությունը և ամենամսյա հոսքը կօգնեն ապահովել վերակառուցման, զարգացման և մարդասիրական բազմաթիվ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև երկարաժամկետ պլանավորել տարբեր ռազմավարական խնդիրների լուծումները։ Հարկ եղած դեպքում հիմնադրամը հնարավորություն կունենա անմիջապես արձագանքել հայրենիքի կամ Սփյուռքի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին:
«Այժմ համահայկական ռեսուրսների համախմբման իրական ժամանակն է, երբ միլիոնավոր հայեր կանգնած են ինչպես մեկ բռունցք, որտեղ սակայն յուրաքանչյուրի ներգրավվածությունը շատ կարևոր է։ 50PLUS-ը ինքնաբավ, հզոր ու հարատև Հայրենիք ունենալու գրավականն է։ Եկեք միանանք և ուս ուսի տված, իրար թիկունք պահած սարեր սասանենք ու վերակերտենք մեր ավելի հզոր, ավելի ամուր հայրենիքը»,- իր խոսքում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։