Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի հրահրած պատերազմում սիրիացի վարձկանների մասնակցության մասին մեկ անգամ չէ, որ միջազգային հանրության տարբեր հարթակներում բարձրաձայնվել է։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն առաջինն էր, որ ԵՄ ղեկավարների գագաթնաժողովում բարձրաձայնեց այդ մասին, դրան հաջորդեց Ռուսաստանի անվտանգության ծառայությունը, ապա ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ մատնանշեցին անընդունելի այս փաստը։ Ֆրանսիական հայտնի France24-ի կայքն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է նոր տեսանյութեր, որոնք հերթական անգամ փաստում են սիրիացի վարձկանների ներկայությունն ու ներգրավվածությունը, որոնք հավաքագրվել են երկրի հյուսիս-արևելքից: France 24-ը գրում է.
«Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները կտրականապես հերքում են իրենց ներգրավվածությունն այդ հավաքագրումներին։ Այնուամենայնիվ, վարձկանների կողմից սոցցանցերում տեղադրված առնվազն չորս տեսանյութ լրագրողների և աշխարհագրական տեղորոշման մասնագետների կողմից ուսումնասիրվել են և վկայում են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմաճակատ ուղարկված սիրիացի վարձկանների ներկայության մասին»:
Ուսումնասիրված առաջին տեսանյութը վարձկանների ուսումնական ճամբարների մասին է, թե ինչպես են ահաբեկիչները ուսումնամարզական հավաքից հետո պատրաստվում մեկնել Ադրբեջան։
Տեսանյութում նկատվող տարրերի շնորհիվ աշխարհագրական տեղանքի մասնագետ սերբ Օբրետիքսը կարողացավ հստակեցնել նկարահանման վայրը: Դա ռազմական ճամբար է Հավար Քիլիս գյուղի մերձակայքում՝ Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու, որը ստեղծվել է Սիրիայի ազատ բանակի կողմից 2016 թվականին: Հավար Քիլիսում գործող խմբակցություններն արդեն մասնակցել էին «Եփրատի վահան» թուրքական ռազմական գործողությանը, որն իրականացվել էր Սիրիայի հյուսիս-արևմուտքում 2017-ի գարնանը Բաշար Ասադի իշխանության դեմ:
Սիրիական սոցիալական լրատվամիջոցներում հայտնված երկրորդ տեսանյութը վարձկանների Ադրբեջան ժամանումն է ցույց տալիս: Տեսանյութում երևում է ամենագնացների շարասյուն։ Մեքենաների վրա կանգնած են սիրիացի վարձկանները, որոնց թուրքերեն լեզվով քաջալերում են տեղացիները և տեսանյութի հեղինակը: Վարձկանները թափահարում են իրենց ինքնաձիգները և վանկարկում իսլամիստական մարտակոչեր՝ Սիրիայի ազգային բանակի (ANS) գումարտակներին բնորոշ պատերազմական աղաղակ, որի մի մաս էին կազմում «Սիրիական ազատ բանակը (ASL), սիրիական ապստամբ զինված խմբավորումների կոալիցիա, որը ստեղծվել է 2011-ին՝ սիրիական ռեժիմի դեմ պայքարելու համար։
Մասնագետները կարողացել են հստակեցնել տեսանյութի աշխարհագրական դիրքը՝ Հորադիզ քաղաքում գտնվող պողոտաներից մեկը։
Երրորդ տեսանյութում, որ համացանցում է հայտնվել հոկտեմբերի 3-ին, վարձկաններն իրենց ընկերներին կոչ են անում միանալ իրենց Ադրբեջանում: Տեսանյութը վերցրել էին Հալեպի տեղական լրատվական էջերից, նկարահանել է սիրիացի վարձկան՝ Սիրիայում իր գործընկերների համար:
France 24-ի դիտորդների խմբագրակազմը կարողացել է կապ գտնել այս տեսանյութում առկա վարձկանների և «Սուլթան Մուրադի»՝ թուրքմենական ծագմամբ Սիրիայի ազգային բանակի ստորաբաժանման միջև։
Տեսանյութի ֆոնին մենք կարող ենք լսել ժողովրդական երաժշտություն, որը գովերգում է այս նույն զինյալներին: Հեղինակը ընկերներին հրավիրում է պարելու և տեսահոլովակի համար նկարվելու: Նրանք այնուհետև խրախուսում են Սիրիայում մնացած գրոհայիններին կամավոր աշխատել. «Բարի գալուստ, միացե՛ք մեզ՝ Հայաստանի դեմ միասին զվարճանալու համար»:
Չորրորդ տեսանյութը վերնագրված է «Դաժան բախումներ հայ զինվորների հետ»:
Տեսանյութը, որը նկարահանվել է Համզայի դիվիզիային պատկանող մի վարձկանի կողմից, կապված է Սիրիայի ազգային բանակի ալ Ֆարուկ բրիգադի հետ՝ ստեղծված 2011 թվականին:
France24-ը գրում է.
Չնայած սիրիացի վարձկանները սոցիալական ցանցերում լայնորեն տեղադրում են հակամարտության մեջ իրենց մասնակցությամբ տեսանյութեր, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները կտրականապես հերքում են նրանց ներկայությունը Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմում:
Համաձայն Մարդու իրավունքների սիրիական դիտակետի (OSDH) տվյալների՝ հոկտեմբերի 18-ի դրությամբ Ադրբեջանում սպանվել է առնվազն 134 սիրիացի վարձկան, որոնցից 92-ի մարմինները վերադարձվել են հայրենիք: Նույն աղբյուրը պնդում է, որ առնվազն 2050 վարձկաններ են տեղափոխվել Սիրիայից զինված հակամարտության մեկնարկից ի վեր՝ ամեն անգամ մոտ 400 հոգանոց խմբերով: France24-ի դիտորդների խմբագրակազմը հղում է անում բրիտանական The Independent օրաթերթին, որը կարողացել է զրուցել Ադրբեջան մեկնած վարձկանների հետ:
Առաջին հավաքագրումները նախատեսված էին հուլիսին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության սկզբում: Այդ ժամանակ վարձկաններին խոստանում էին գումար՝ 1200-1500 դոլար՝ էական աշխատավարձ մի երկրում, որտեղ բնակչության 83%-ը ապրում է աղքատության շեմից ցածր պայմաններում:
Սիրիական անկանոն խմբերի փորձագետ և Intelligence Online ամսագրի լրագրող Ֆանի Ալարկոնը բացատրել է, որ Թուրքիայի համար գրեթե բնական է դառնում զինված բախումների ընթացքում իր վարձկաններին վերապատրաստելը: Դրանք էժան են և պատրաստված, դա հեշտ աշխատանք է:
Այս մարտիկները աշխատավարձի կարիք ու կռվելու փորձ ունեն: Թուրքիան պաշտոնապես միջամտեց 2017, 2018 և 2019 թվականներին Սիրիայի հյուսիս-արևելքում: Այս գործողություններից յուրաքանչյուրի ժամանակ Անկարան չէր ցանկանում ուղղակիորեն ներգրավել իր բանակը և դիմեց սիրիացի մարտիկներին, որոնք իրենց հերթին վերածվեցին հենակետերի ընդդեմ քրդական ինքնավար վարչակազմի: Սիրիայից ժամանած այլ տեսանյութեր ցույց են տալիս հավաքագրման ելույթներ հյուսիսարևմտյան քաղաքներում շեյխերի կամ խմբակցության ղեկավարների կողմից, որոնք հատկապես տուժել էին պատերազմից և ծայրահեղ աղքատությունից:
France24-ը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ վարձկանների հավաքագրումն իրականացվում է Թուրքիայի հետախուզական ծառայության միջոցով, որը վերափոխել է սիրիացի վարձկանների կռվելու շարժառիթները, ինչը նշանակում է՝ կրոնական դիսկուրսն այլևս առաջնային տեղում չէ, վարձկանների հիմնական նպատակը գումար աշխատելն է։ Սակայն նույնիսկ ֆինանսական շարժառիթը չի տալիս կարևոր մի քանի հարցի պատասխան՝ ինչպես է Ալիևը պատկերացնում այս վարձկանների ներկայությունը իր երկրում հետպատերազմյան շրջանում։