«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ միջազգային օդանավակայանի ժամանման սրահի հանրային տարածքում արդեն իսկ գործում են COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ նմուշառում իրականացնող կետեր:
Հայաստան ժամանելուն պես ուղևորները կարող են անմիջապես օդանավակայանում հանձնել COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ նմուշառում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից:
Հաղորդագրությունում նշված է, որ Հայաստանի տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
Թեստավորման սակագների և թեստավորման հետ կախված այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել լաբորատորիաներ՝ նշված է հաղորդագրությունում: