Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նամակ է ուղարկել ԱՄՆ պետքարտուղարություն՝ կոչ անելով կասեցնել թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում կիրառվող ռազմական սարքավորումերի վաճառքը Թուրքիային:
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական, ռազմական հարցերով օգնականին ուղարկած նամակում նշվում է, որ Ադրբեջանում տեղակայված մեծ քանակությամբ թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներն օգտագործվել են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում խաղաղ բնակիչների վրա հարձակվելու և սպանելու համար:
«Ակնհայտ է, որ Թուրքիան, ի պատասխան Կանադայի 2020-ի հոկտեմբերի 5-ի զենքի արտահանման արտոնագրի տրամադրումը դադարեցնելու մասին որոշման` կապված Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական հարձակման հետ, փորձում է շրջանցել այդ արգելքը` խնդրելով ԱՄՆ-ին արագացնել իր Bayraktar TB2-ի սարքավորումները վաճառելու թույլտվությունը:
Թուրքիայի հայցերը պետք է մերժվեն, և ԱՄՆ-ը պետք է լիովին արգելի ամերիկյան ցանկացած ռազմական կամ երկակի նշանակության սարքավորումների վաճառքը կամ փոխանցումը Անկարային, քանի դեռ նա զինում կամ այլ կերպ աջակցում է ադրբեջանական հարձակումներին:
Բացի այդ, պետքարտուղարությունը պետք է անհապաղ հետաքննի Զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի հնարավոր խախտումները և ԱՄՆ օրենսդրության այլ խախտումներ՝ կապված չարտոնված երրորդ կողմին վաճառքի հետ»,- ասվում է նամակում: