1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի դեպքերի քրոնիկոնը:
Զինված ուժերը կասեցրել են հակառակորդի առաջխաղացման փորձերը. Հովհաննիսյան
Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով: Այս մասին ժամը 22։00-ին մեկնարկած ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անգամ թեժ է եղել կենտրոնական ուղղությունը։ «Նախ հյուսիսում մարտական գործողությունները եղել են հետևյալ բնույթի․ հակառակորդը կատարել է հարձակողական մի քանի փորձ, որոնք մեր զինված ուժերը հետ են մղել՝ թշնամուն պատճառելով զգալի կորուստ։ Կիրառվել է ավիացիա, հիմնականում՝ մարտավարական ինքնաթիռներ, որոնք որևէ կերպ հաջողության չեն հասել»,- ասել է Հովհաննիսյանը։ Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ, սակայն հրետանու դիպուկ հարվածներից հետո նահանջել են և դիմել փախուստի։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի ուժեր։
Ադրբեջանի ոչնչացված զինվորների թիվն ըստ օրերի. ինֆոգրաֆիկա
Ադրբեջանի ոչնչացված զինվորների թիվն ըստ օրերի. Արցախի տեղեկատվական շտաբը ինֆոգրաֆիկա է հրապարակել:
Արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքներ․ ՊԲ
Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ՝ հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից:
Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
Հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ
ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները:
Խոցվել են հակառակորդի ևս 2 ԱԹՍ ու 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ
Վերջին տվյալներով խոցվել են հակառակորդի ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ՝ տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում. ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտեր՝ հաղորդում են Արցախի ՊԲ-ից: Լուսադեմին, կրկին խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառվել էր ավիացիա, ռմբակոծվել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ:
Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է. ՊՆ խոսնակ
Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է»,- հավելել է նա։