ԱԺ արտահերթ նիստում «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու» օրինագիծը ներկայացնելիս ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը պարզաբանեց, թե ինչու է նախագիծը վերաբերում միայն ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումներին:
Նրա խոսքով` ի տարբերություն Եվրասիական տնտեսական միության երկրներից կատարվող ներմուծումների, երբ ներմուծումը կատարվում է երրորդ՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից, կա արդյունավետ միջոց՝ նորից այդ ապրանքների ներմուծումը հարկերից ազատելու համար:
«Ներմուծողը՝ լինի կազմակերպություն թե ֆիզիկական անձ, կարող է ներկայացնել հրաժարում hօգուտ պետության մաքսային ընթացակարգին համապատասխանող մաքսային հայտարարագիր և ըստ այդմ ազատվել ներմուծման հետ կապված հարկերից: Սրանով է բացատրվում այն, որ նախագծով ներկայացված առաջարկը վերաբերում է միայն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից կատարվող ներմուծումներին, որի պարագայում չկան մաքսային ընթացակարգեր, և հետևաբար չի ներկայացվում որևէ մաքսային հայտարարագիր»,- ասաց Պողոսյանը:
Ինչ վերաբերում է այլ երկրներից ներմուծումներին, փոխնախարարը պարզաբանեց. «Երրորդ երկրներից կատարվող ներմուծումների հետ կապված հարաբերությունների զգալի մասը, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի ընտրության հայտարարագրերի ներկայացումը, կարգավորվում է Եվրասիական տնտեսական միության վերազգային օրենսդրությամբ: Սա որոշակի առումով խոչընդոտ կլինի իրավական առումով այդ կարգավորումները նորից բերելու ու կրկնելու ազգային օրենսդրությամբ»:
Արման Պողոսյանի խոսքով՝ գործնականում մենք չունենք երրորդ երկրներից կատարվող ներմուծումները հարկերից «բեռնափաթելու» ընթացակարգային խնդիր. այն արդեն հղկված մեխանիզմ է, որն անխափան կիրառվում է: