Այս պահին ՀՀ արտաքին գործերի նախարարը գտնվում է Մոսկվայում, և տեղեկություն ստացանք, որ այսօր Ադրբեջանի ԱԳ նախարարը նույնպես ուղևորվել է Մոսկվա: Իմ ակնկալիքն այն է, որ հոկտեմբերի 10-ի՝ ՌԴ միջորդությամբ ու հովանավորությամբ ձեռք բերված հրադադարի և նաև հետո Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ նորից հայտարարված հումանիտար զինադադարի վերաբերյալ համաձայնությունը կկայանա: Ուրիշ ակնկալիք այդ հանդիպումից չունեմ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«ՌԴ-ն այստեղ ունի պոզիտիվ պարտականություն՝ պարտադրելու այդ պամանավորվածության իրականացումը: Բոլոր իրավական հիմքերը կան՝ ուժ կիրառելու: Խոսքը հակատեռորիստական որևէ գործողություն անելու հետ է կապված: Տեռորիստներին հարվածելը համարվում է լեգիտիմ թիրախ, և այս առումով բոլոր իրավական հիմքերը Ռուսաստանի կողմից վերջին 20 օրում ձևավորված են, որ նման գործողություն իրականացվի: Հետևաբար, կարծում եմ, նաև այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել»,- ասաց պատգամավորը:
Մարուքյանի կարծիքով՝ քանի դեռ հումանիտար հրադադար չկա, Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա: Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Բրյուսել աշխատանքային այցին՝ պատգամավորը կարևորեց այն՝ ընդգծելով, որ գուցե ավելի շուտ էր պետք կազմակերպել այցը՝ միջազգային հանրության գնահատականներն ավելի թիրախային, օբյեկտիվ դարձնելու համատեքստում:
«Օրինակ, տեսեք, ԵՄ հայտարարությունը Գյանջային հարվածելու մասին էր, բայց մինչ այդ Ստեփանակերտը և այլ խաղաղ քաղաքներ ռմբակոծվում էին միջազգային հումանիտար իրավունքի, պատերազմի բոլոր կանոնների խախատումներով՝ կասետային ռումբերով: Ես այդ օրերին էլ Ստեփանակերտում եմ եղել. այդ ամենը լուսաբանել ենք, նկարել ենք, ուղարկել դեսպաններին, և ոչ մի հայտարարություն այդ մասով չի եղել: Սա նշանակում է, որ մեր դիվանագիտությունն այստեղ բան ունի անելու. մեր պրոակտիվ աշխատանքն է պետք»,- ասաց պատգամավորը: