Մեր անելիքը պայքարելն է մինչև վերջ և անմնացորդ, անսասան՝ մեր ժողովրդի իրավունքների համար: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար՝ նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին: Այս պրոցեսն արդյունավետ և շարունակական կազմակերպելու պարագայում է, որ մենք, ի վերջո, կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման: Ըստ էության, Ադրբեջանն այսօր ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայից, համաձայն չէ, իսկ դուք դա հասկանում եք, թե ինչ է նշանակում»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ Ղարաբաղի մասին խոսելով՝ խոսում ենք մեր ժողովրդի իրավունքների մասին:
Փաշինյանն ասաց, որ մենք դեռ 1990-ականների սկզբին ձևակերպել ենք, որ առանց Արցախի չկա Հայաստան:
«Պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը՝ նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Սա առաջին հերթին նշանակում է կռվել, զենք վերցնել և կռվել հանուն այդ իրավունքների այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը շեշտեց, որ այս գործընթացը պետք է կազմակերպեն և իրականացնեն քաղաքական լիդերները:
«Այս կոչն այսօր ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին՝ առանց բացառության, բոլոր գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Այդ ջոկատները պետք է դրվեն գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ, և ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը: Դա նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում և իրականացնեն այն խնդիրը, ինչ նրանց առջև կդնի հրամանատարությունը»,- ասաց վարչապետը՝ դիմելով նաև կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին:
Փաշինյանն ասաց, որ շրջադարձային պահ է, որովհետև մենք ցեղասպանություն տեսած և ապրած ժողովուրդ ենք, և այսօր հերոսաբար կռովող զինվորների, գեներալների կողքին պետք է կանգնենք բոլորս:
«Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակից, չի թողնում: Չկա միջանկյալ տարբերակ. կա հաղթանակ և կա պարտություն: Հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը»,- ասաց վարչապետը: