Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների կարգավորման հարցում Իրանի նախագահը կառուցողական դեր ունենալու պատրաստակամություն է հայտնել: Ո՞րն է պատասխանն այս առաջարկին, և Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կկարողանա միջնորդություն իրականացնել: «Իռնա» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ շրջանակն է:
Իրանը, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, կարող է դեր խաղալ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կարծում եմ՝ այս փուլում այդ դերը պետք է կենտրոնացնել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, և մենք ողջունում ենք Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:
Հայաստանը բազմիցս նախազգուշացրել է Ղարաբաղի տարածաշրջանում օտար ուժերի ներկայության մասին: Նիկոլ Փաշինյանը նորից է հաստատում՝ Թուրքիայի կողմից ահաբեկիչ վարձկաններ են Սիրիայից տեղափոխվել տարածաշրջան՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Սա լուրջ վտանգ է տարածաշրջանի համար, և, ցավոք, տարածաշրջանի երկրներն այս փաստին բավարար չափով չեն արձագանքում:
Նիկոլ Փաշինյան - Ակնհայտ է, որ ահաբեկիչների ներկայությունը սպառնալիքներ է ստեղծելու, և դրա հետևանքները տարածաշրջանում դեռ կտեսնենք: Եվ, կարծում եմ, տարածաշրջանի երկրները պետք է առավել խիստ արձագանքեին այդ փաստին:
Իրանում անհանգստություն կա, որ Ղարաբաղի հակամարտությունը կվերածվի լայնամասշտաբ և երկարատև պատերազմի, համաշխարհային ուժերը նույնպես կթափանցեն այս տարածաշրջան: խնդիրը հայ-ադրբեջանական երկխոսության շրջանակ վերադարձնելու համար ի՞նչ առաջարկ և լուծում ունի Հայաստանը:
Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտությունները տարբեր կերպ են լինում: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որևէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա: Այսինքն՝ նրանք, ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում, դա փաստ է:
Ի՞նչ գործոններ են արգելք հանդիսանում Ղարաբաղում զինադադարի հաստատման համար: Մոսկվայի հանդիպումից, Բաքվի և Երևանի միջև համաձայնությունից հետո ինչո՞ւ են շարունակվում ռազմական գործողությունները: Վարչապետի խոսքով՝ Թուրքիան անընդհատ քաջալերում է, որ զինադադար չլինի, Թուրքիայի խնդիրները շատ ավելի լայն են: Այստեղ ոչ միայն Ղարաբաղի հարցն է, այլև ընդհանուր առմամբ Թուրքիան որոշել է ձեռք դնել տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա:
Նիկոլ Փաշինյան - Ցանկանում եմ ընդգծել, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության մի մասն է, և Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել դեպի Ղարաբաղից արևելք, հյուսիս և հարավ-արևելք: Եվ այս քաղաքականությունն ուղղակի ազդեցություն է ունենալու տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Տարածաշրջանի երկրները պետք է նկատի ունենան այս իրողությունը և հստակեցնեն իրենց դիրքորոշումը այս կապակցությամբ:
Ղարաբաղի հակամարտության ականները ընկել են Իրանի տարածք, և բազմաթիվ ԱԹՍ-ներ մուտք են գործել Իրանի օդային տարածք: Վարչապետը հավաստիացրել է՝ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի, և այդպիսի միջադեպեր չգրանցվեն: Հայկական կողմն իրենից կախված առավելագույնն անում է՝ նման միջադեպերից խուսափելու համար: