Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մոնակոյի Իշխան Ալբեր Երկրորդը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-մոնեգասկյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։
Դեսպան Տոլմաջյանը նշել է, որ նոր պարտականություններն ստանձնում է երկկողմ միջպետական երկխոսությունն առավել խորացնելու ու հետագա ընդլայնման ուղղությամբ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամությամբ։
Կայացած հանդիպմանը դեսպան Տոլմաջյանը Իշխանին հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և ագրեսիայի հումանիտար հետևանքները։
Նշելով, որ մեծ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, Իշխանը հույս է հայտնել, որ խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի:
Ալբեր Երկրորդը ջերմությամբ է հիշել 2018 թ. Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան կատարած իր այցը և իր ջերմ ողջույնները խնդրել փոխանցել բարեկամ Հայաստանի իշխանություններին և ժողովրդին: