Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց, որ առաջնագծում՝ Արցախի ողջ հարավով, մարտական գործողություններ են ընթանում:
«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդն արդեն մարտի է նետում իր վերջին ռեզերվները: Այո՛, նրանց ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորները աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում նրանց»,- ասաց վարչապետը:
Նա պարզաբանեց, թե ինչու Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնում: «Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմինները ի վերջո հավաքվեն, խնամվեն և պատշաճ ձևով հուղարկավորվեն»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը վախենում է, որ կբացահայտվեն վարձկանների և թուրք զինվորների մեծաքանակ դիակները:
Փաշինյանը նաև նշեց, որ հակառակորդը ահռելի քանակի զինտեխնիկայի կորուստ ունի, որն արդեն հասնում է մոտ միլիարդ ու կեսի:
«Մենք այսօր պետք է կրկնենք մեր պատմության ոչ թե աղետալի, այլ հերոսական հատվածը: Մեզնից յուրաքանչյուրը, որ այս գործին նվիրվում է, պետք է զինվորական երդման տրամաբանությամբ գործի»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ պետք է ձևավորվեն կամավորական ջոկատներ, ձևավորվելուց հետո դիմեն զինկոմիսարիատներ, դրանից հետո արդեն զինվորական տրամաբանության մեջ աշխատանքը կընթանա:
«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես»,- եզրափակեց Փաշինյանը: