«Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօրվանից սկսում է նոր շարժում՝ «50 Plus»: «Այն նոր մակարդակի է բարձրացնելու Հայաստան-Սփյուռք բյուրեղացած հարաբերությունները հենց այս ժամանակաշրջանում: Դա նպաստելու է համահայկական ռեսուրսների համախմբմանը և նպաստելու է դրամական հոսքերի մշտական գալուն՝ Հայաստան ու Արցախ»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը` հավելելով, որ շարժումը հախուռն կերպով սկսվել է Սփյուռքի համայնքներում, երբ քաղաքացիները պահանջել են ոչ միայն միանվագ օգնություն ուղարկել, այլև՝ գրանցվելով հիմնադրամի կայքում, ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերել: «Պատկերացրեք՝ եթե այս շարժմանը միանա մեկ միլիոն մարդ, մենք ամեն ամիս կունենանք 50 մլն դոլար, եթե ամեն մեկը 50 դոլար փոխանցի: Դրա շնորհիվ տարեկան կունենանք 2.5 մլրդ դոլար»,- ասաց Արշամյանը՝ հավելելով, որ 50-ը ոչ թե պարտադիր, այլ՝ սիմվոլիկ թիվ է:
Արշամյանի խոսքով՝ դրամական բոլոր միջոցների օգտագործումը կոորդինացվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ, իսկ այդ գումարներն օգտագործվում են կարևոր նպատակների՝ հումանիտար օգնության համար:
Սակայն, ըստ Արշամյանի, ռազմական դրությամբ պայմանավորված՝ թեկուզ մեկ դեղահաբի մասին տեղեկատվություն հրապարակելը կարող է խանգարել ընդհանուր գործին: «Ուստի ամբողջական հաշվետվությունները կհրապարակվեն խաղաղություն հաստատելուց հետո»,- ասաց Արշամյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը նաև տեղեկացրեց, որ 2020 թվականի համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ «Նշեմ, որ ընթացքում նմանատիմ փոքր դրամահավաքներ են կազմակերպվելու, և հեռուստամարաթոնի ժամանակ կամփոփենք թե այդ արդյունքները, թե այդ օրը հավաքված գումարները։ Վստահ եմ, որ մենք պետք է այնքան գումար հավաքենք, ինչքան հավաքել են այս կարճաժամկետ դրամահավաքի ընթացքում»,- ասաց Արշամյանը։