ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, կոմիտեի անդամներ Ռուբեն Ռուբինյանը («Իմ քայլը»), Արկադի Խաչատրյանը («Լուսավոր Հայաստան») և Իվետա Տոնոյանը («Բարգավաճ Հայաստան») եվրոպական կողմի առաջարկով տեսակապով հանդիպում են ունեցել Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի և Ռասա Յուկնևիչիենեի հետ։
Հայկական կողմի ներկայացուցիչներն իրենց եվրոպական գործընկերներին ներկայացրել են Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունն ու դրանից դուրս գալու ելքերը՝ որպես այդպիսին նշելով, մասնավորապես, Արցախի սուբյեկտայնության ճանաչումը։
Պատգամավորներն անընդունելի և վտանգավոր են համարել այս պատերազմի կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը։