Հայաստան աշխարհում սահմանները պետք է հաղթաքարերով տարանջատվեն. սահմաններ, որոնք արյամբ են պահվել և հաղթական են: Արցախի պաշտպանականներում թուր-խաչեր տեղադրելու միտքը 2013-ին 4 ընկերոջ մեջ էր առաջացել, միտքը գործ է դարձրել ու դարձնում վարպետ Վարազդատը: Վաղուց է մուրճի հարվածներով քարը խաչ դարձնում: Քանդակագործ չեմ՝ ասում է համեստորեն, կարծում է, որ մշակույթը ճիշտ մատուցելն է կարևոր, ինքն էլ ի վերուստ՝ քարտաշ է, բայց քար տաշելով ու ծեծելով հզոր քանդակներ է ստանում:
Վարազդատ Համբարձումյան (քանդակագործ) - Երբ երիտասարդ էի, ունեի քանդակագործ ընկեր, որը 96 թվականին զոհվեց Ղարաբաղում, առաջին թուր-խաչքարի գաղափարը տեսել եմ Գևորգ Համբարձումյանի մոտ, և ինքը կյանքը զոհաբերեց Արցախին և Աստված, կարծես, էս միտքը տարավ Ղարաբաղ, տանում է Ղարաբաղ:
2013-ից սկսած՝ ամեն տարի, հերթականությամբ վարպետը թուր-խաչեր է պատրաստել Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Մարտունի 2-ի, 3-ի, Եղնիկների, Մարտակերտի, Մատաղիսի համար: Այս տարի հերթը 8-րդինն էր: Քարը, որն անմիջապես ծակել էր վարպետի աչքը, սեպտեմբերի 25-ին բերեցին, սկսեց աշխատել, որոշել էր ժայռից դուրս եկող վահան քանդակել, բայց 2 օրից ստիպված եղավ շեղվել էսքիզից:
Վարազդատ Համբարձումյան - Էս կռիվը որ սկսվեց, էս ժայռից կրակներ ելան, սենց բոցեղեն ու սկսվեց չվերջանալ, չի վերջանում, բայց տեսնում եմ ավարտը շատ մոտ ա, հաղթանակը մեզանից ա կախված, մեր հոգուց: Մեկ ա՝ հաղթելու ենք, ձև չկա, հաղթելու ենք, ամենայն ազնվությամբ եմ ասում, հաղթելու ենք:
Վարպետ Վարազդատի համար այս հաղթաքարը առանձնահատուկ նշանակություն ունի, այս թուրն ու խաչը կնիք են՝ ասում է, մեր հաղթանակն էլ հենց այս խաչքարով կկնքվի:
Սա կռվի իր տարբերակն է, չի խուսափում նաև առաջնագծից, մտավախությունը, սակայն, իր բնորոշմամբ՝ ոտքի տակ չընկնելն է, չի ուզում՝ օգնելու փոխարեն խանգարի հայ մարտիկներին:
Վարազդատ Համբարձումյան - Թող տխրի էն ծնողը, ում երեխեն վախկոտ ա, թող հպարտանա էն ծնողը, որ իրա էրեխեն էսօր սահմանում թուրը ձեռքը կանգնած ա, այ, էդ ա ծնող... Ընենց կուզեի՝ կեթայի, ըսենց ձեռը կպաչեի, մի հատ տղա հելներ-ասեր՝ կներեք, ես վախենում եմ կռվեմ, կասեմ՝ հալալ ա քեզ, ինքը կգնար-կխանգարեր մյուսներին: Ես ահավոր չեմ սիրում, որ համ վախում են, համ էլ իրանց դնում են քաջի տեղ, դա է ամենասարսափելին, դա է բացահայտ սուտը:
Նժդեհ անգիր անելով երկիր չեն փրկի, Նժդեհը պետք է հասկանալ ու Նժդեհով պետք է ապրել, արարել, կռվել՝ եթե պահը եկել է՝ վստահ է վարպետը: Սուրն էլ, խաչն էլ իրենց իմաստն ունեն:
Վարազդատ Համբարձումյան - Աստվածաշնչում կա մի խոսք. ասում է՝ թուր վերցնողը թրով կընգնի: Նաև ասում է Աստծու խոսքը քառասայր թրի է նման: Չգիտեմ՝ որքանով է հաջողվել, որովհետև արդեն զինվորն է պահանջում սա:
Զինվորի պահանջն էլ քննարկելի չէ, պետք է պատրաստի ու, ի նշան հաղթանակի, վեր խոյացնի հերթական՝ 8-րդ պաշտպանականում: Որոշել էին սահմանին դնել բոլորը, հետո մտափոխվեցին՝ թող զորամասերի մոտ լինի, որ սահման մեկնելուց առաջ զինվորները խաչի կողքով անցնեն. կօգնի անպայման՝ վստահ է վարպետ Վարազդատը:
Վարազդատ Համբարձումյան - Մենք պետք է հպարտանանք, հպարտանանք, քրիստոնեաբար սգանք ու քրիստոնեաբար ուրախանանք: Օրինակ՝ ես չէի ուզենա հաղթեինք, բայց աշխարհն ասեր՝ էս ինչ կրակն ընկանք, էն հին թուրքը ավելի լավն էր: Մենք պետք է փոխվենք, ամոթ է, պետք է աշխարհը հասկանա, որ էս ինչի՞ց պրծանք, էս ի՜նչ լավ ժողովուրդ են: Պրոբլեմը մենք ենք. մինչև հայը իր միջի թուրքը չհանի, դրսի թուրքը չի պարտվի, հանեք ձեր հոգու միջի թուրքը:
Վարպետն ասում է, որ միշտ թուր-խաչը տեղադրելիս զինվորներին խնդրում է, որ բոլոր կռիվներն ու գժտությունները քարի մոտ սկսեն, քարի մոտ ավարտեն: Մտածում է՝ գուցե խաչից ազդվեն, հարթեն իրավիճակը: Շուտով քարը վերջնական կհղկի, կմշակի ու այս պատերազմում հաղթանակից հետո էլ կտանի նախօրոք որոշված վայրը: 8-րդ խաչքարն էլ կհսկի ու կպահպանի զինվորներն, ինքն էլ, հաջորդ տարի, նոր քար կգտնի ու կսկսի տաշել վերջին՝ 9-րդ հաղթաքարը: