Բանկերը, վարկային կազմակերպությունները Առանց հարկային հետևանքի կարող են ներել մարտերում զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերը: Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված՝ Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը տույժ-տուգանքից բացի վերաբերում է նաև մայր գումարի մարմանը:
Արման Պողոսյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Առանց վարկային հետևանքների ներել ոչ միայն պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձածների վարկային պարտավորությունները, այլև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապ ունեցողներինը՝ ծնողներ, ամուսին, երեխաներ:
Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է նաև հարկերից ազատել պաշտպանության, արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարություններին հանձնվող՝ ռազմական, հումանիտար և առողջապահական ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ երկրներից: Ներմուծված ապրանքները կազատվեն նաև ավելացված արժեքի հարկից:
Արման Պողոսյան - Կառավարությունն է սահմանելու այն վերջնաժամկետը, որն առաջարկվում է այս արտոնությունների կիրառության համար: Նախապայմանն այն էր, որ ապրանքները մինչև ռազմական դրության ավարտը հանձնվեն այս շահառու գերատեսչություններին:
Արտոնությունը սեպտեմբերի 27-ից ներմուծված բոլոր տեսակի ապրանքներին է վերաբերում: Ընկերություններ կան, որ պահեստում եղած ապրանքը ևս ցանկանում են պետությանը փոխանցել: Այս դեպքում ավելացված արժեքի հարկ չի առաջանում, բայց վերաձևակերպման խնդիր է լինում:
Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Առաջարկ կանենք, որպեսզի ոչ միայն ներմուծման ժամանակ, այլև ներքին գործարքների դեպքում այդ արտոնությունը գործի:
Կարգավորումը վերաբերում է միայն ԵԱՏՄ երկրներից կատարվող ապրանքների ներմուծմանը: Երրորդ երկրներից ներմուծմանը չի վերաբերում, քանի որ այդ դեպքում արդյունավետ միջոց կա ապրանքների ներմուծումը հարկերից ազատելեւ համար: Ներմուծողը կարող է ներկայացնել հրաժարում հօգուտ պետության մաքսային հայտարարագիր՝ ազատվելով ներմուծման հարկերից: