Երեկ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1600-ից ավելի նոր դեպք, բայց առողջապահության համակարգն այս պահին, ըստ էության, վերահսկում է իրավիճակը՝ բուժօգնություն տրամադրելու մասով՝ ասել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
Զեյնալյանը նաև հայտնել է, որ վերաբացվել են բավականաչափ թվով բժշկական հաստատություններ. ներկայումս գործընթացում ներգրավված է շուրջ 20 բուժհաստատություն, որոնց այսօր կամ վաղը կմիանան ևս երկուսը:
«Այն դեպքերում, երբ հիվանդը հոսպիտալացման կարիք չունի, բուժօգնությունը տրվում է տնային պայմաններում: Ինչպես ցանկացած վիրուս, այնպես էլ այս վիրուսը, շրջանառելու ընթացքում վարակելիությունը կորցնում է: Վիրուսը թուլանում է»,- ասել է պատգամավորը՝ ավելացնելով, որ ծանր դեպքերը տոկոսային հարաբերակցությամբ պակաս են, քան առաջին ալիքի դեպքում:
Զեյնալյանը հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա զբաղվել, ռազմական դրությամբ պայմանավորված, իր առջև դրված խնդիրներով: