Հոկտեմբերի 21-ին Գավառի մանկատան հարևանությամբ գտնվող մանկական այգում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքների երեխաներին բարձր տրամադրություն են պարգևել Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանները: Նրանք փոքրիկ հանդիսատեսին ներկայացրել են Գևորգ Սարգսյանի «Կախարդական սփռոց» մանկական ներկայացումը:
Փոքրիկ հանդիսատեսի ու նրանց ուղեկցող մայրիկների հետ զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ տեղեկանալով նրանց կացության համար անհրաժեշտ պայմանների և հնարավորությունների ապահովման, ինչպես նաև մտահոգող խնդիրների մասին:
Մարզպետը ոգևորել է արցախցի փոքրիկներին և հորդորել ուժեղ լինել՝ նշելով, որ առաջնագծում կռվող նրանց հայրերին և եղբայրներին նաև հզոր թիկունք է հարկավոր:
Մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը բացօթյա մանկական ներկայացումներով հանդես կգա նաև մարզի այլ համայնքներում բնակվող արցախցի փոքրիկների առջև: