Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը խեղաթյուրելու՝ ադրբեջանական կողմի փորձերին: «Արմենպրեսին» տված մեկնաբանությունում Մանե Գևորգյանն ընդգծում է, որ ադրբեջանական կողմը, իր վարքագծին հարիր, շարունակում է մանիպուլյացիոն գործելաոճը՝ խեղաթյուրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը։
«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի հենց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի հետևանքով։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս, այդ թվում՝ վերջին օրերին, ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջման հիման վրա բանակցային գործընթացին, բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն անընդունելի է Ադրբեջանի համար։
Հիշեցնեմ նաև վարչապետի հայտնի թեզը, ըստ որի՝ ԼՂ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։ Նմանատիպ որևէ հայտարարություն, այդ թվում՝ փոխզիջման վերաբերյալ, Ալիևի կողմից չի հնչել»,- նշել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը։