ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին
կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպումների արդյունքներով ձգտել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ հրադադարի հաստատմանն ու առաջ մղել սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղի շուրջ թեժացած հակամարտության բանակցային կարգավորումը:
«Մարդասիրական հրադադար հաստատելու նախորդ երկու պայմանավորվածությունները՝ նախաձեռնված Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, միանգամից խախտվեցին: Մարտերը քաղաքացիական հարյուրավոր զոհերի պատճառ են դարձել, միաժամանակ հայտնի են դառնում տեղեկություններ, որ Թուրքիան Սիրիայից գրոհայինների է տեղափոխում Ադրբեջան՝ հայկական բնակչության դեմ կռվելու համար:
Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիվ գործողությունները, որոնք լիակատար աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից, պետք է դադարեցվեն: Պետքարտուղար Պոմպեոն պետք է հստակեցնի, որ ԱՄՆ-ը աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ու պատրաստ է օգնելու վերսկսել բանակցությունները: Խաղաղության համար նախադրյալներ ապահովելու և արդյունավետ հրադադարի հաստատման համար Թուրքիայի նման երրորդ կողմերը պետք է դադարեցնեն իրենց ագրեսիվ քայլերն ու ռազմական ներխուժումները:
ԱՄՆ-ը պետք է անմիջապես նպաստի ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում հրադադարի հաստատմանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների վերականգնմանը: Եթե Ադրբեջանը շարունակի հակամարտությունը լուծելու համար անօրինական ռազմական ուժ կիրառելու փորձերը, միջազգային հանրությանն այլ տարբերակ չի մնա, քան Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելը:
«Պետքարտուղար Պոմպեոն պետք է հստակեցնի, որ Ազատության աջակցման թիվ 907 ակտը լիարժեք կկիրառվի, և կդադարեցվի Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից հատկացվող աջակցությունն անվտանգության ոլորտում: Ավելին՝ պետքարտուղար Պոմպեոն և նախագահ Թրամփը, որոնք սերտ կապեր ունեն Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, պետք է պարզ դարձնեն իրենց ավտորիտար ընկերոջ համար, որ Թուրքիայի հետագա ներգրավվելն այս հակամարտությունում կարժենա իրեն տրամադրվող ռազմական աջակցությունն ու ջերմ հարաբերություններն ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ»,- շեշտել է սենատորը: