Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով՝ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անգամ թեժ է եղել կենտրոնական ուղղությունը։
«Նախ հյուսիսում մարտական գործողությունները եղել են հետևյալ բնույթի․ հակառակորդը կատարել է հարձակողական մի քանի փորձ, որոնք մեր զինված ուժերը հետ են մղել՝ թշնամուն պատճառելով զգալի կորուստ։ Կիրառվել է ավիացիա, հիմնականում՝ մարտավարական ինքնաթիռներ, որոնք որևէ կերպ հաջողության չեն հասել»,- ասաց Հովհաննիսյանը։
Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ, սակայն հրետանու դիպուկ հարվածներից հետո նահանջել են և դիմել փախուստի։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի ուժեր։
«Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են։ Հատկապես ուղղությունը փոխվել է դեպի հարավ՝ Արաքսի հունին ավելի մոտիկ։ Մի քանի օջախային առանձին տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման փորձերը կասեցրել են, որևէ միլիմետր որևէ խմբավորում առաջ չի եկել, հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ։ Օդուժ որպես այդպիսին գրեթե չի կիրառվել, չնայած առավոտյան մեր ՀՕՊ-ի կողմից խոցվել է մեկ ինքնաթիռ։ Մարտերը շարունակվում են, դրանք այնքան թեժ չեն՝ նախորդ օրերի հետ համեմատ։ Կիրառվում է հիմնականում հրետանի, կիրառվում է շատ քիչ քանակությամբ զրահատեխնիկա, կիրառվում են մեծ թվով դիվերսիոն, գրոհող խմբեր, հետևակ և մասամբ օդուժ»,- օրվա օպերատիվ-մարտավարական իրավիճակն ամփոփեց Արծրուն Հովհաննիսյանը։