Թուրքիան ԱՄՆ ընտրություններում Ջո Բայդենի հավանական հաղթանակը համարում է «էքզիստենցիալ սպառնալիք», քանի որ դեմոկրատ թեկնածուն, ի տարբերություն Թրամփի, չի կարող պարծենալ Էրդողանի հետ լավ հարաբերություններով, նաև քննադատաբար է վերաբերվում Անկարայի քաղաքականությանը՝ գրում է շվեդական Svenska Dagbladet-ը: Բայդենը պատրաստվում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Հունաստանի հետ, ինչպես նաև ակտիվորեն դատապարտում է Թուրքիայի միջամտությունը այլ երկրների գործերին:
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, որը մեկ տասնամյակ առաջ կարելի էր որակել որպես «զրո խնդիրներ հարևանների հետ», այժմ ներառում է ռազմական գործողություններ մի քանի երկրում: Այս պահին, ինչպես նշում է թերթը, թուրք զինվորները ներկա են Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, Արևելյան Միջերկրական ծովում, Լիբիայում, Քաթարում և Սոմալիում: Բացի դրանից՝ նախկին սիրիացի ապստամբները, որպես վարձկաններ, պաշտպանում են Անկարայի շահերը Լիբիայում և Ադրբեջանում:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են, բայց նախագահ Դոնալդ Թրամփին դուր է գալիս իր գործընկեր Էրդողանը, և կարծես թե դեմ չէ նրա վարած քաղաքականությանը: 2019-ին Թրամփը թույլ տվեց Թուրքիային մուտք գործել Հյուսիսարևելյան Սիրիայի տարածք, որը վերահսկում էին ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ դաշնակիցները` քրդերը:
Թուրքիայի կողմից ռուսական С-400 հրթիռային համակարգի գնումն էլ չբարդացրեց Էրդողանի ու Թրամփի հարաբերությունները՝ նկատում է պարբերականը:
Թուրքական իշխանամետ The Daily Sabah պարբերականն էլ գրում է, որ եթե Բայդենը դառնա նախագահ, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների դինամիկան կարող է էապես փոխվել: Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածուն քննադատել է Էրդողանի ավտորիտար իշխանությունը և Թուրքիայի գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում:
Ջո Բայդենը հետաքրքրված է Կիպրոսի հակամարտությամբ, ինչպես նաև խոստացել է իր հաղթելու դեպքում ամրապնդել հարաբերությունները Հունաստանի հետ: Բայդենն ասել է նաև, որ պատրաստվում է արձագանքել Անկարայի վարքին, «որը հակասում է միջազգային իրավունքին»:
Ըստ շվեդական պարբերականի՝ նախագահական ընտրությունների մոտենալուն պես Բայդենի դիրքորոշումը սկսում է ուղղակիորեն ազդել Միացյալ Նահանգների քաղաքական կուրսի վրա: Մասնավորապես, անցած շաբաթ Բայդենը քննադատել էր Թուրքիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Թրամփի վարչակազմին մեղադրելով պասիվ լինելու համար:
«Բավական է Թուրքիային երես տալ»,- կոչ է արել դեմոկրատ թեկնածուն՝ մատնանշելով, որ այդ երկիրը պետք է հեռու մնա հակամարտությունից: Այս հայտարարությունը հայտնվեց Սպիտակ տան ուշադրության կենտրոնում, և արդեն հաջորդ օրը պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատեց թուրքական միջամտությունը, ինչը, նրա խոսքով, հանգեցնում է տարածաշրջանի ռիսկերի ավելացմանը:
Շվեդական լրատվամիջոցի կարծիքով՝ հնարավոր է, որ ԱՄՆ համբերությունը թուրքական էքսպանսիոնիզմի հանդեպ շուտով պայթի: