Թուրքական պատրաստի արտադրանքը Հայաստան ներմուծելն արգելելու օրենսդրական առաջարկը ներկայացնելիս հաշվի են առնվում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, ազգային անվտանգության գործոնները՝ «Լուրերի»-ի հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Պատգամավորի խոսքով՝ ներմուծվող ապրանքների դիմաց գեներացվող եկամուտներն այդ երկիրն ըստ էության ծառայեցնում է հայ զինվորի սպանությանը, տարատեսակ հանցագործությունների իրականացմանը:
«Մեր երկիրը միակողմանիորեն նախաձեռնել է այս գործընթացը, որով Կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում այդ մասին ծանուցվելու են ԵԱՏՄ երկրները: Որոշումները մեծ մասամբ կոնսենսուսով պետք է ԵԱՏՄ-ում լինեն, բայց այնտեղ դրույթ կա, որ կամայական երկիր կարող է կամայական երկրի հանդեպ իրականացնել սակագնային սահմանափակումներ կամ կարգավորումներ և միակողմանիորեն, 6 ամիս ժամանակահատվածով, ըստ էության, արգելել որևէ երկրի հետ առևտրային հարաբերությունները»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ վեց ամսով է օրենքով նախատեսվում, բայց թե վեց ամիսը քանի անգամ է հնարավոր կիրառել՝ ըստ էության, սահմանափակում չկա, և, Մանուկյանի խոսքով, չի բացառվում, որ ամեն անգամ մենք վեց ամսով այն կիրառենք:
Պատգամավորն ընդգծեց, որ նաև իրականացվելու են արտոնյալ վարկեր, խորհրդատվական ծառայություններ, որ ներմուծողներին նաև հնարավորություն տրվի ներմուծումը շարունակել այլընտրանքային շուկաներից: Մանուկյանը շեշտեց, որ սա նաև լավ հնարավորություն է տեղական արտադրողների համար, որպեսզի ավելի մրցունակ արտադրանք ներկայացնեն շուկա:
Ըստ Մանուկյանի՝ գործ ունենք արկածախնդիր երկրի հետ ու շատ արտառոց կլինի, եթե արդ երկրից շարունակական ներմուծումներ իրականացնենք՝ դրանից բխող տարատեսակ վտանգներով: