Մի քանի րոպե, և սարքը պատրաստ է աշխատանքի։ Դա միայն այսօր, երբ Ստեփանակերտի երկինքը մառախլապատ է, և անօդաչու թռչող սարքեր չկան։ Պատերազմից ի վեր այս տղաները գրեթե հանգիստ չունեն, իսկ «Իգլան» հազվադեպ է հայտվում պատյանում։ Զենիթահրթիռային համալիրները բավականին արդյունավետ են գործել։
24 օրում հայկական կողմը խոցել է հակառակորդի ավելի քան 200 ԱԹՍ։ Դրանք տարբեր նշանակության և տարբեր հզորության սարքեր են, այդ թվում նաև գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած։ Եթե պատերազմի առաջին օրերին Ստեփանակերտի ուղղությամբ աշխատում էին հարյուրավոր սարքեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչների ուղղությամբ, այժմ երկինքը բավականին մաքրվել է ԱԹՍ-ներից, նշում են Հակաօդային պաշտպանության ուժերը։
Չնայած դրան` Ստեփանակերտի երկնքում ժամանակ առ ժամանակ հայտնվում են ԱԹՍ-ներ։ Օդը մաքուր պահելու համար կան բավարար միջոցներ։
Հայկական ուժերին հաջողվել է խոցել մեկ տասնյակից ավելի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներ։ Դրանցից մի քանիսը լավ վիճակում են, ինչը կարող է հայ մասնագետներին հնարավորություն տալ մանրակրկիտ ուսումնասիրել այդ սարքերը։ Դե իսկ դրանք խոցող տղաներին ոչինչ չի մնում, քան բարձր տրամադրությամբ շարունակել աշխատանքը։