ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը: Կողմ քվեարկեց 75 պատգամավոր:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի առաջարկով հստակեցվել են որոշ կարգավորումներ, մասնավորապես այն, որ նախագիծը վերաբերում է նաև վարկի մայր գումարներին:
Փոխնախարարն ասաց, որ կառավորությունն էլ առաջարկել է, որ նախագծում առկա լուծումները կիրառելի լինեն ոչ միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված և հաշմանդամ դարձած, այլև անհայտ կորած անձանց նկատմամբ:
Պողոսյանը նշեց նաև, որ առաջարկվում է, որ նախագծի արտոնյալ կարգավորումները կիրառելի լինեն ոչ միայն դասական առումով վարկերի նկատմամբ, այլև այլ ֆինանսական գործիքների, որոնք, ըստ էության, այլընտրանք են վարկերին:
Նշենք՝ նախագծով Կառավարությունն առաջարկել է հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան, առանց հարկային հետևանքներ կրելու, ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Խոսքնը առաջին կարգի ազգակցական փոխկապակցված անձանց մասին է՝ համատեղությամբ ապրող ծնողներ, ամուսին, համատեղությամբ ապրող զավակներ: