Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային մեղավոր է ճանաչել երկու գիտնականների խոսքի ազատության իրավունքը խախտելու հարցում: Ստրասբուրգի դատարանի որոշումով ակադեմիկոսներ Իբրահիմ Քաբօղլուն և Բասքին Օրանը պետք է 2 հազար եվրո փոխհատուցում ստանան` գրում է DW-ն:
2005 թվականին թուրքական արդարադատությունը գիտնականներին մեղադրել է «ատելություն հրահրելու» և «պետական արդարադատության մարմիններին արատավորելու» համար: Դրանից առաջ էլ նրանք հրապարակել էին փոքրամասնությունների պաշտպանության հետ կապված խնդիրների մասին զեկույց, որը բուռն վեճերի առիթ դարձավ Թուրքիայում:
Քաբօղլուն և Օրանը 2007-ին դիմել էին Ստրասբուրգ, իսկ 2008-ին թուրքական դատարանը հեռացրեց նրանց դեմ հարուցված բոլոր մեղադրանքները: Այնուամենայնիվ, հետաքննությունը, որը տևեց 3 տարի, «անխուսափելի» ճնշում գործադրեց ակադեմիկոսների վրա և նրանց հանգեցրեց ինքնագրաքննության` ասվում է ՄԻԵԴ որոշման մեջ: