ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու՝ ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Փոխնախարարն ընդգծեց, որ խոսքը առաջին կարգի ազգակցական փոխկապակցված անձանց մասին է՝ համատեղությամբ ապրող ծնողներ, ամուսին, համատեղությամբ ապրող զավակներ:
Պողոսյանն ընդգծեց, որ վարկային պարտավորություններ ասելով՝ նկատի ունեն ոչ միայն տույժերը և տուգանքները, այլև վարկի մայր գումարը, որովհետև այդտեղ բոլորովին այլ տրամաբանություն է գործում:
«Հաշվի առնելով այն, որ, ի տարբերություն տույժերի և տուգանքների, վարկերի մայր գումարների ներումը կարող է ֆիզիկական անձի մոտ առաջացնել հարկային հետևանք, այսինքն՝ եկամտի հաշվեգրում, որից հարկի հաշվարկման պահման և բյուջե փոխանցման պարտավորությունը, օրենսգրքի համաձայն, դրված է բանկերի և վարկային կազմակեպությունների վրա, ու որպեսզի այս շղթան նորից չծանրաբեռնվի որևէ հարկով, առաջարկվում է նաև այդ վարկի ներվող գումարները ֆիզիկական անձանց համար դիտարկել որպես նվազեցվող եկամուտներ: Ըստ այդմ՝ հարկային գործակալը ստիպված չի լինի ներվող գումարի համար հաշվարկել և բյուջե վճարել եկամտային հարկ: Նույն տրամաբանությամբ, լուծում է առաջարկվում նաև նոտարների ու անհատ ձեռնարկատերերի համար»,- ասաց փոխնախարարը:
Պողոսյանը նաև ընդգծեց՝ նախագծով հնարավորություն է տրվում ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը: