1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի դեպքերի քրոնիկոնը:
Մարտական գործողություններն այս պահին շարունակվում են ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին․ Հովհաննիսյան
Ժամը 22։00-ին մեկնարկած ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այսօր վաղ առավոտյան հակառակորդը նորից հարձակողական գործողություններ է ձեռնարկել հյուսիսային ու հարավային ուղղությամբ։ Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ։ Այդ մարտերի ընթացքում մեր զորքերը հաջողությամբ կասեցրել են հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներ և ետ շպրտել բնագծեր։ «Երեկ երեկոյան, իրավիճակից սկսած, օրվա ընթացքում մի քանի անգամ մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ։ Այդ թվում՝ ցուցադրել ենք հատուկ թուրքական 2020 թվականի սեպտեմբերի արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ։ Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում»,- ասաց Հովհաննիսյանը։
Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա՝ հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում: Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն:
Հակառակորդը Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ մեծ կորուստներ կրելով նահանջում է. ՊՆ խոսնակ
«Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»,- տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Երեկ ՀՕՊ ստորաբաժանման խոցած Bayraktar TB2-ի հեռակառավարվող տեսախցիկը կանադական արտադրության է. ՊՆ խոսնակ
«Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է:Այն արտադրվել է 2020 թ. հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020 թ. սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ»,- ասված է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառման մեջ:
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները։
Հակառակորդի կորուստները. 20.10.20 11։00
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով՝ խոցվել են ևս 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 50 զոհ: Այդ մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. ՊՆ խոսնակ
Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ Այդ մասին առավոտյան Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար»,- գրել է ՊՆ խոսնակը։
Գիշերը մարտերն ինտենսիվ ընթացել են հատկապես հարավային ուղղությամբ. ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: