ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում դիմեց հայրենակիցներին՝ խնդրելով, որ առանձին բնագծերի ուղղությամբ հարցեր չուղղեն։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ պետք է հասկանալ՝ հիբրիդային գործողությունների բնույթ ունեցող պատերազմում շատ հաճախ չկան բնագծեր, չկան կոնկրետ օբյեկտների և տեղանքների գրավման ու զիջման, նահանջման, հարձակման կամ գրավման կոնկրետ ձեռքբերումներ․ դրանք շատ հարափոփոխ են։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ եթե ուզում են, կամենում են՝ թող միանան զինված ուժերին, գան պայքարի մեջ ու տեսնեն իրենց աչքերով, որ որևէ բան չեն թաքցնում։
«Բնագծեր, խնդրում եմ, մի նշեք. Իշխանաձորում կլինի, Խուդաֆերինի կամուրջը կլինի թե այլ բնակավայր, մենք ասել ենք՝ բարի գալուստ դժոխք։ Մտնելու են, փորձելու են․ եթե փորձեցին նկարվելուց զատ ավել ստանալ այդ տեղանքներում՝ իրենց համար դժոխք է լինելու, ինչպես որ լինում է»,- ասաց Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պատերազմի ընթացում նահանջներ լինում են, բայց նահանջը նաև խուսանավման ձև է։
«Նահանջ լինում է նաև միտումնավոր, լինում է նաև հակահարձակման, հարձակման կամ ծուղակ գցելու նպատակով»,- նշեց Հովհաննիսյանը։