Այսօր վաղ առավոտյան հակառակորդը նորից հարձակողական գործողություններ է ձեռնարկել հյուսիսային ու հարավային ուղղությամբ։ Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ։ Այդ մարտերի ընթացքում մեր զորքերը հաջողությամբ կասեցրել են հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներ և ետ շպրտել բնագծեր։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Երեկ երեկոյան, իրավիճակից սկսած, օրվա ընթացքում մի քանի անգամ մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ։ Այդ թվում՝ ցուցադրել ենք հատուկ թուրքական 2020 թվականի սեպտեմբերի արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ։ Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում»,- ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ այդ մարտական գործողություններն ունեն հստակ մարտավարություն։ «Խոսքն այն մասին է, որ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են մերձռազմաճակատային բնակավայրեր, որտեղ լինում են բնակիչներ կամ չեն լինում, կամ այդ բնակավայրերն ընդհանրապես բնակեցված չեն լինում շատ վաղուց, այդտեղ նկարահանում են, տարածում այդ լուրերը, որը, առաջին հերթին, ազդում է ու նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ, ցավալիորեն, ազդում է նաև մեր հանրության, լրատվադաշտի վրա։
Կան բնակավայրեր, որոնք շատ վաղուց 10-15 օր առաջ համարվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից արդեն գրավված, նույնիսկ շատ ու շատ քարտեզներում, համացանցում համարվում են իրենց զինված ուժերի վերահսկողության տակ, բայց մինչև այսօր այդտեղ չկա իրենց վերահսկողությունը, և բոլոր մուտք ու ելքերը քիչ թե շատ ստորաբաժանման նմանություն ունեցող զորախմբերով ջախջախվում է՝ հիմնակնում հեռահար կրակով կամ մեր ստորաբաժանումների այլ գործողություններով»,- ասաց Հովհաննիսյանը՝ հորդորելով, որ նման լուրերը մեր դաշտ չբերեն։
Նա ընդգծեց, որ իրավիճակը կայուն է, վերահսկելի է, և որոշ կուտակումներ կամ դիվերսիոն գործողություններ դեռ չեն նշանակում զորքերի առաջխաղացում կամ հաջողություն։