ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե որքանով է մեզ բավարարում միջազգային հանրության արձագանքը:
Նրա խոսքով՝ տարբեր արձագանքներ կան, բայց շատ դեպքերում, իրոք, բավարարված չեն:
«Չի կարելի դիտարկել Արցախի Հանրապետությունը որպես տարածք, որը ճանաչված չէ, որտեղ մարդիկ չեն կարող օգտվել տարրական մարդկային իրավունքներից: Չի կարելի տարբերակել մարդկանց՝ կախված՝ որ սուբյեկտում են բնակվում»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում, պետք չէ սպասել, որ նա, ով հույս ունի, որ օտարը կգա իրեն օգնելու, դատապարտված է:
Դիվանագետի խոսքով՝ Թուրքիայի բացահայտ երևալը խոսում է հնարավոր ցեղասպանության մասին, դրա համար էլ մենք պետք է այս մարտը հաղթենք:
«Դիվանագետները միշտ պետք է գործեն, բայց հաղթանակը դիվանագետին այնպիսի հնարավորություն է տալիս, որն անհամեմատ ավելի բարձր է»,- նշեց Քոչարյանը:
Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին՝ հարցին ի պատասխան Քոչարյանը նշեց, որ պետք է ագրեսիա լինի Հայաստանի նկատմամբ, որ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն առաջանա:
«Կրակոցները գնահատել որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ դեռ վաղ է: Եթե հարձակում լինի, նախ՝ մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին, որով մենք ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, և մենք ինքնապաշտպանության ենք դիմում, դիմում ենք ՀԱՊԿ-ին, որին արդեն պետք է կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին տեղեկացնի ՄԱԿ-ը: Եթե դու ունես փամփուշտ, որը կարող է կրակել, այդ փամփուշտը պետք է օգտագործել այն ժամանակ, երբ այն դատարկ չէ»,- նշեց Քոչարյանը: