«Մեկ օրում լոխ ապրանքը վերցրին». փոքրիկ բիզնեսի առաջին օրվանից գոհ պատմում է ապրանքի վերջին օրինակը մեզ հասցրած հադրութցի Բորիսը: Առաքված վերջին ապրանքը հաջողության օրագիրն է: Ինքն այս հաջողությունից է վաճառում, բայց ահա իրենը փնտրում է սեպտեմբերի 29-ից սկսած: Այդ օրվանից մոր ու կրտսեր եղբոր հետ իրերը հավաքել, Հադրութում իրենց տուն ու տեղը թողել, Երևան են եկել:
Բորիս Վանյան - Առավոտ շուտ հայրիկս արթնացրեց, ասեց՝ կռիվը սկսել ա: Մենք շուտ մայրիկիս հետ գնացինք նկողը, հայրիկս միանգամից գնաց կռվի դաշտ: Գնացինք գյուղ, մի երկու օր մնացինք, տեսանք, որ չենք կարող, որոշեցի, որ գնանք Երևան:
Երևանում Վանյաններին հյուրընկալել է բարեկամուհին: Մինչ սահմանից ու հորից ամեն րոպե լավ լուրերի են սպասում, ընդամենը 14-ամյա տղան հասկացել է, որ ընտանիքի տղամարդու դերն ինքը պիտի ստանձնի: Մորն ու եղբորը պահել է պետք, հյուրընկալ ընտանիքի հոգսն էլ՝ թեթևացնել: Ինտերնետ խանութ է բացել:
Բորիս Վանյան - Պետք էր փող աշխատել, որ կարողանայի ընտանիքը ինչ-որ ձևով պահել:
Ընդամենը մեկ օր առաջ բացված ինտերնետ խանութն արդեն 70 պատվեր է ստացել:
Իհարկե, չէր սպասում, որ նման հետաքրքրություն կառաջացնի իր փոքրիկ բիզնեսը: Սոցցանցերում ընդամենը մեկ գրառումից հետո, երբ մարդիկ իմացել են, թե վաճառողն ով է, ապրանքը մի քանի ժամում սպառվել է:
Վաղն առավոտյան արդեն նոր ապրանքներ կունենա, գնորդները թող ուշադիր լինեն: Վաճառքի ապրանքների ցանկը մեծ է: Բորիսը հերթով, խանութ առ խանութ պտտվել է, հարցուփորձ արել վաճառողներին. թե մարդիկ ամենաշատը ի՞նչ են ուզում գնել:
Բորիսի առաջին բիզնեսի մեկնարկային ներդրումը 100 հազար դրամ էր: Գումարը 14-ամյա տղայի՝ բավականին երկար հավաքած խնայողություններն էին, որ հայրենիք Հադրութից էր հետը բերել: Ո՞վ գիտի, թե ինչի համար էր հավաքել: Դրա մասին չի խոսում, կարևորը հիմա բիզնեսի առաջընթացն է, որ հայրը սահմանին ընտանիքի խնդիրների մասին չմտածի, իրենք էլ կարողանան հորաքրոջ հյուրընկալ ընտանիքին շնորհակալություն ասել և առանձին տուն վարձել:
Բորիս Վանյան - Առաքիչներ գտնեմ, օֆիս գտնեմ, տենց բաներ:
Առայժմ ուշքն ու միտքը սա պիտի լինի, մինչև որ Արցախից լավ լուրեր ստանան, որ նորից կարող են իրենց տուն վերադառնալ: Հադրութից եկողներից հետաքրքրվել են՝ իրենց տունը տեսնող եղե՞լ է, կանգո՞ւն է: «Կարծես թե այրել են»,- պատմել են տեսնողները:
Բորիս Վանյան - Ասում են՝ ծուխը երևում ա:
Ասում է՝ հայրն ու երեք քեռին ճակատում են: Ինքը հիմա պիտի աշխատանքի վրա կենտրոնանա: Արդեն վաճառված ապրանքի եկամուտը դեռ չի հաշվել, գումարը ձեռքում կլինի, նոր կհաշվի, ոչ բոլոր ապրանքներն են հասցրել առաքել: Լույսը բացվի, բարին էլ հետը: Սահմանից ուրախ լուրերի ակնկալիքով կթարմացնի առցանց խանութի դարակներն ու կսպասի նոր գնորդների: