Ամերիկահայ երիտասարդները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել Ուիլշեր պողոտայում, որտեղ տեղակայված են դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս անգամ բողոքի հացեատերն Իսրայելի գլխավոր հյուպատոսությունն է: Հայ երիտասարդների պահանջն է՝ դադարեցնել աջակցությունն ագրեսորներին։
Սյուզաննա Աբրահամյան (Միացյալ հայ երիտասարդներ) - Նրանք գործարքի մեջ են Ադրբեջանի հետ և զենք-զինամթերք են վաճառում Ադրբեջանին, որն օգտագործվում է ոչ միայն մեր զինվորների դեմ, այլև Արցախի ենթակառուցվածքների դեմ։ Դա մեզ համար անհանդուրժելի է։
Ադրբեջանին զենք վաճառելու և ագրեսորին աջակցելու համար Իսրայելի կառավարությանն ուղղված մեղադրական վանկարկումներով հայ ցուցարարները փակել էին Ուիլշեր պողոտան՝ ասելիքը մատուցելով նաև խոսուն գրառումներով պաստառներով՝ «Հոլոքոստից տուժածներն աջակցում են ցեղասպանության իրագործմանը», «Իսրայելի վարչապետն աջակցում է ահաբեկությանը», «ԱՄՆ-ի լռության ներքո Թուրքիան մեկ այլ ցեղասպանություն է իրականացնում» և այլն։
Ժան Գոսակյան (համայնքային գործիչ) - Ամերիկյան հանրային դպրոցներում հայկական ուսումնական ծրագրի պատասխանատուներից մեկը նշում է՝ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին հավասարապես դասավանդում են հայ և ամերիկացի աշակերտներին, համեմատում դրանք և սովորեցնում դասեր քաղել այդ էջերից։ Այսօր հիասթափված ենք:
Միգանուշ Մելքոնյան (Ամերիկյան հանրային դպրոցների հայկական ծրագրի պատասխանատու) - Այսօր մենք նույն վիճակում ենք, ինչ դուք էիք․․․ կանգնե՛ք հայ ժողովրդի կողքին:
Հայ համայնքի բողոքի ակցիային մասնակցում էին նաև իսրայելական համայնքի ներկայացուցիչներ։
ENG - Ես հրեա եմ։ Այս պահին, երբ մենք այստեղ հավաքված ենք, անմեղ կյանքեր են կորչում։ Ես այժմ խոսում եմ իմ պապի, տատի ու Հոլոքոստի զոհերի անունից։ Եթե նրանք այսօր տեսնեին՝ ինչ է կատարվում հայերի հետ, աշխարհին կոչ կանեին կանգնել հայերի կողքին և կանխել ևս մեկ ցեղասպանություն։ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց օրակարգն ունեն և ստիպում են հավատալ կեղծիքին։ Ես նախընտրում եմ հավատալ ճշմարտությանը։ Իսկ ճշմարտությունն այն է, որ պատմությունը կրկնվում է: Հայաստանում հերթական ցեղասպանությունն է տեղի ունենում, իսկ աշխարհը լուռ է։ Ես նախընտրում եմ կանգնել հայ ընկերներիս կողքին։ Իսկ դո՞ւք։
Հայ ցուցարարներն իրենց պահանջների մասին նամակը մտադիր են ամերիկյան մեդիայի միջոցով հասցնել Իսրայելի կառավարությանը։