Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների 32 ներկայացուցիչներ համատեղ կարծիք են հրապարակել La Libre պարբերականում (https://bit.ly/34f5gbx), որում կոչով դիմել են Բելգիային, Եվրոպական միությանը և միջազգային հանրությանը՝ տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:
«Կարծիքում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի Հանրապետության վրա՝ Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ: Հարձակումներ են տեղի ունեցել նաև ՀՀ տարածքում: Թուրքիայի կառավարությունը նաև ջիհադիստներ է տեղակայել Ադրբեջանում, որոնք մասնակցում են հայերի դեմ այս հարձակմանը և օգտագործում են միջազգային իրավունքով արգելված կասետային զենք: Առկա են մարդու իրավունքների զանգվածային խախտումների և խաղաղ բնակիչների կոտորածների վտանգը հաստատող հիմքեր»,- հայտնում է ԱՀ ԱԳ-ն:
Բելգիացի մտավորականների կոչում մասնավորապես ասված է՝
«Կոչ ենք անում Բելգիային և Եվրոպային անհապաղ գործել այս դրամատիկ հակամարտության պայմաններում:
Պահանջում ենք Բելգիայից, ինչպես նաև Եվրոպական միությունից հստակ դատապարտել այս հարձակումը: Կոչ ենք անում պատժել Թուրքիային՝ ԵՄ թեկնածու երկիր և ՆԱՏՕ-ի գործընկեր, ագրեսիային մասնակցելու համար:
Պահանջում ենք Բելգիայից, Եվրամիությունից և իրավապաշտպան կազմակերպություններից դատապարտել արգելված հրթիռների օգտագործումը և խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները (օրինակ ՝ LORA հրթիռներով):
Կոչ ենք անում ՆԱՏՕ-ին, որի անդամն է հանդիսանում Թուրքիան, արգելել նրան մասնակցելու Հայաստանի դեմ ցանկացած տեսակի հարձակումների՝ հակառակ դեպքում կասեցնելով իր անդամակցությունը:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել անհապաղ դադարեցնել կրակը և վերականգնել խաղաղ երկխոսության պայմանները՝ առաջնությունը տալով մարդկանց:
Միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, որն այսօր էքզիստենցիալ վտանգի առաջ է կանգնած: Ուստի մենք համոզված ենք, որ Արցախի ժողովրդի համար խիստ անհրաժեշտ է ապահովել իր լիակատար ինքնիշխանությունն ու ինքնորոշման իրավունքը` առանց որևէ արտաքին կառավարման և ժողովրդավարական շրջանակներում: Մենք գտնում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է»։