83-ամյա Վոլոդյա Բաբայանը հոկտեմբերի 8-ից, երբ հրթիռակոծվեց Շուշիի Ղազաչենցոցը, տեղը չի գտնում: Վարպետ Վոլոդյան այն հայտնի քարտաշ-ճարտարագետն է, որը երկու անգամ վերականգնել ու նոր շնչառություն է պարգևել Արցախի ճերմակ հրաշքին: Հիմա արդեն դժվար է քայլում, խնդիրներ ունի, բայց միևնույն է՝ պատրաստվում է երրորդ վերելքին: Վարպետ Վոլոդյան տոհմիկ քարագործների գերդաստանից է. երեք եղբայրներով շարունակեցին հոր գործը, բայց հենց նրան էր վիճակված հայկական 7 եկեղեցիների վերականգնման պատիվը:
Մասնագիտական մկրտությունը հայ մեծ ճարտարապետների՝ Ռաֆայել Իսրայելյանի, Ջիմ Թորոսյանի, Արթուր Թարխանյանի և Ալեքսանդր Սահինյանի հետ անցած վարպետն իր նորարարական առաջարկներով ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Գառնիի տաճարի, Մայր Հայաստանի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրների աշխատանքներին: Բայց նրա կյանքի գործը Ղազանչեցոցի վերածնունդն էր: Առաջին անգամ 81-ին է այն տեսել ու երդվել՝ անել անհնարինը նրա վերածննդի համար:
7 տարվա անհավատալի ճիգով եկեղեցին վերածնվեց. 88-ն էր, և ամիսներ անց թշնամին շքեղ տաճարը վերածեց «Գրադի» պահեստի ու ապականեց ինչպես կարող էր:
Երկրորդ անգամ սուրբ տաճարի վերակառուցումը սկսեց հրադադարից անմիջապես հետո և ավարտեց 98-ի հուլիսի 19-ին: 2020-ի հոկտեմբերի 8-ին երդվել է երրորդ անգամ և օր առաջ խաղաղության է սպասում:
Ասում է` թուրքն իր գործն արել է, մնացել եմ ես ու իմ երդումը, ուրեմն Ղազանչեցոցը դարձյալ պիտի վերակերտվի նոր հմայքով ու վեհությամբ: